«Որևիցե մեկը իմ պարտքերը ոչ փակել է, ոչ էլ ցանկություն ունի փակելու». Սամվել Բաբայան. tert.am

Tert.am-ի հարցերին պատասխանում է օրերս կրկին Արցախ վերադարձած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

-Պարո՛ն Բաբայան, այժմ Դուք Արցախում ի՞նչ հանդիպումներ եք ունենում և ի՞նչ ծրագրեր ունեք:

– Առանձնապես ոչ մի հանդիպում չեմ ունենում, զուտ անձնական գործերով եմ եկել: Ծանոթ մարդիկ կան, եթե գալիս են, բարևում են, բարևում եմ, եթե չէ, չէ: Ներքաղաքական գործունեությամբ չեմ զբաղվում:

– Ասել է թե՝ դեռ չե՞ք սկսել քաղաքական գործունեությունը:

– Ընդհանրապես չեմ էլ ուզում սկսեմ:

– Հնարավո՞ր է՝ պատճառը Հայկ Խանումյանի ծեծն էր ու իշխանության վերաբերմունքը Ձեր վերադարձին:

– Խանումյանի ծեծով չէին կարողանալու վերաբերմունք փոխեին: Ես էդքանը պարզ գիտեի, տեղյակ եմ՝ ինչ ա կատարվում, ինչ է լինում: Հասարակությունը պետք ա իր ապագան որոշի, պարոն Բաբայանով չի: Հասարակությունը պետք է ինքն իրենով հասկանա՝ ուր է գնում, ճիշտ ճանապարհի վրա՞ է, թե չէ: Թե չէ, եթե հասարակությունը ցանկություն չունի, ինչքան էլ դու քաղաքականությամբ զբաղվես, չես կարա ոչ մի բան փոխես:

– Բայց հասարակությունը բավական բազմամարդ բանակով եկել էր Ձեզ դիմավորելու, այսինքն՝ հետաքրքրություն, ցանկություն կար:

– Հետարքրքություն կա, բազմամարդ եկել էին, կարող էին մի քանի անգամ ավել գային, բայց քանի որ իշխանությունը փորձել է փակի էդ ճանապարհը, հասարակությունը հասկացել է, որ ինքը խնդիր ունի լուծելու: Իրենք գիտեն՝ ինչով պետք է զբաղվել: Դրա համար կխմբվեն, Դուք էլ կտեսնեք, եթե դա է Ձեզ հետաքրքրում:

-Պարո՛ն Բաբայան, մամուլում գրվեց Ձեր բիզնեսի ու պարտքերի մասին, ասվեց, որ հնարավոր է պարտատերերի ցուցակ հրապարակվի:

– Ցանկացած մարդ անձնական խնդիրներ ունի, ասենք՝ ունի վարկեր բանկում: Ես իմ վարկերի հարցով իմ անձնական հարցը հրապարակային չեմ քննարկում: Եթե ինչ- որ մեկի հետ տալիք-առնելիք ունեմ, ես գիտեմ ու էդ մարդը: Եթե բողոք կա դատախազությունում, ապա այլ հարց ա, եթե չկա, թողեք, ես իմ անձնական հարցերը ես գիտեմ:

-Ասվեց նաև, որ իշխանությունը փակել է Ձեր պարտքերը, դա ճի՞շտ է:  

– Որևիցե մեկը իմ պարտքերը ոչ փակել ա, ոչ ցանկություն ունի փակելու: Իմ պարտքերը ես եմ փակում կամաց-կամաց իմ ուժերով: Թողեք ես իմ անձնական կյանքով ապրեմ: Հայաստանում մի 5 հոգու անուն ես գիտեմ, որ իմ պարտքերը «փակել են», էդ ինչքա՞ն պարտքեր ունեմ, որ փակում են, փակում են, չի պրծնում:

– Պարո՛ն Բաբայան, իսկ ծանոթացե՞լ եք Ղարաբաղի սահմանադրական փոփոխություններին և ո՞րն է Ձեր տեսակետը:   

– Ես չեմ ծանոթացել՝ ինչ է փոխվում Ղարաբաղի Սահմանադրության մեջ, քանի որ չեմ զբաղվում քաղաքականությամբ:

– Պատրաստվո՞ւմ եք շարունակել մնալ Արցախում:

– Ես լինելու եմ Արցախում, հետո Երևանում, հետո նորից Արցախ կգամ: Я – птица вольная! Куда хочу – туда лечу!

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս