Բաժիններ՝

Գորկին Երևանը լքեց՝ առանց հրաժեշտի

Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում, մի գեղեցիկ, հնաոճ շինություն կա, որի պատին ցուցանակ է փակցված. «Այս տանը 1928 թ. իջևանել է ռուս մեծ գրող Մաքսիմ Գորկին»։

Ժամանակին առիթ եմ ունեցել լսելու պնդումներ, թե Գորկին այս տանն ընդհանրապես չի եղել, բայց քանի որ նախատեսված էր, որ նա այստեղ գիշերեր, այդ պատճառով էլ ցուցանակը հետագայում տեղադրել են։ Սակայն իրականությունն այլ բան է ասում։ Եվ ոչ միայն՝ ցուցանակի մասին։

1928 թվականի ամռանն անսպասելի լուրը տարածվեց երկրով մեկ. «Գորկին Հայաստան է գալիս»։ Հեղափոխության երգիչն ու մրրկահավը, Լենինի ու Ստալինի մտերիմը, սովետների երկրի թիվ մեկ գրողը պիտի այցելեր հայերի հողը։ Համաձայն պաշտոնական տեղեկության՝ Գորկին հուլիսի 25-ի առավոտյան Թիֆլիսից Ղարաքիլիսա (Վանաձոր) էր ժամանելու։ Նրան դիմավորելու համար շտապ այնտեղ մեկնեցին Ժոմկոմխորհի նախագահ Ս. Տեր-Գաբրիելյանը, Լուսժողկոմ Ա. Մռավյանը և Կենտգործկոմի քարտուղար Ռ. Դաշտոյանը։ Օրն անձրևային էր, սակայն լուսաբացին քաղաքի երկաթուղային կայարանում դիմավորելու համար հավաքվել էր հսկա բազմություն՝ պաշտոնական դեմքեր, գրողներ, երկաթգծի բանվորներ, արհմիությունների ներկայացուցիչներ, կոմերիտականներ ու պիոներներ։

Եվ ահա ուժգին սուլոցով կառամատույց է մտնում գնացքը։ Մարդիկ բուռն ծափահարություններով և «ուռա»-ներով դիմավորում են նրա մուտքը։ Շարժակազմը կանգ է առնում։ Դռները բացվում են։ Բոլորն անհամբերությամբ սպասում են։ Բայց Գորկին չկա։ Անցնում են րոպեները։ Ոչ մի շարժում, վագոնից ոչ ոք դուրս չի գալիս։ Ստիպված որոշում են պարզել, թե ինչ է կատարվում։ Գրող Վահրամ Ալազանը համընդհանուր շփոթմունքին հաջորդած պատկերն այսպես է ներկայացնում. «գՄտնում ենք ներս։ Ահա կարմիր պղնձագույն դեմքը ծռած՝ հանգիստ կերպով թեյ է խմում։ Դրսում՝ հուզմունք ու համբերահատություն։ Ներսում՝ հանգիստ ու անտարբերություն»։

Կարդացեք նաև

Gorki (3)

Մաքսիմ Գորկու դիմավորումը Դիլիջանում։

Այդ պահվածքի մեջ վիրավորական երանգներ կային, բայց ինչ-որ մեկը որոշեց եղածը վերագրել Գորկու բացառիկ համեստությանը, բազմությունն էլ այդ խայծը կտցեց, և երբ վերջապես նա դուրս ելավ վագոնից, հավաքվածների խնդության ու խանդավառության փոթորիկը պայթեց օդում։ Ալեքսեյ Մաքսիմովիչը նստեց մեքենան, և նրան կայարանից տարան քաղաքի հանգստյան տուն։ Նա լուսանկարվեց հանգստացողների հետ, իսկ տեղի պարտիզպանը երկու մեծ ծաղկեփունջ նվիրեց գրողին։ Այնուհետև Գորկին ուղղություն վերցրեց դեպի Դիլիջան՝ ճանապարհին մի կարճ կանգառ անելով Վարդանլու գյուղի մոտ գտնվող պիոներական ճամբարում։

Տոնական ու հանդիսավոր տրամադրություն էր նաև Դիլիջանում։ Շարված էր զորքը, սպասում էին տեղացիներն ու հյուրերը։ Քաղաքի նոր հյուրանոցի շենքի առաջ կայացավ դիմավորման միտինգը։ Հնչեցին ելույթներ, որից հետո Գորկին մի փոքր զբոսնեց ու կարգադրեց ճանապարհ ընկնել։ Առջևում Սևանն էր։ Հետագայում նա իր ուղեգրության մեջ այսպիսի գրառում պիտի կատարեր.

«Դիլիջանի դաշտում ընկերներից ինչ-որ մեկը կիսաձայն ասաց.
– Թուրքերն այստեղ շատ հայերի են կոտորել։
– Դե ինչո՞ւ այդ մասին հիշել այսպիսի գեղեցկության գրկում,- պատասխանեցին նրան։
Այո, զարմանալի գեղեցիկ է։ Կարծես լեռները գրկել ու պահպանում են դաշտը կենդանի էակների սիրով ու քնքշությամբ»։

Գորկին հիացած էր Հայաստանով, բայց ոչ նոր ժամանակների հայաստանցիներով, ովքեր փորձում էին ամեն կերպ շրջանցել անցյալի «անհարմար» փաստերը։ Իր գրառումներում գրողն այդ մարդկանց հեգնանքով անվանում էր «պարոնայք հումանիստներ, իդեալիստներ ու մշակույթի պահապաններ», որոնց դավանած արժեքները հիմնված էին ցինիզմի վրա։ Իսկ հիմա նա պիտի տեսներ նաև նոր ժամանակների գյուղերն ու դրանց բնակիչներին, որոնց ծայրահեղ աղքատությունը ցնցում է Գորկուն։

Երբ կանգ են առնում Ելենովկայում (այժմ՝ Սևան քաղաք), նրան տանում են դիտելու լիճը, ծանոթանալու ձկնաբուծության փորձերի և գիտական աշխատանքների հետ, սակայն թանկագին հյուրի համար անջնջելի են մնում իր զրույցները տեղաբնակների հետ, որոնք ապրում էին միջնադարի կենցաղով ու անտեղյակ էին մեծ աշխարհի անցուդարձից։

Օրվա երկրորդ կեսին Մաքսիմ Գորկին արդեն Երևանում էր։ Այստեղ նրա համար նախատեսել էին գերհագեցած ծրագիր։ Սկզբում հանդիսավոր նիստն էր՝ Կուլտուրայի տանը, հետո գրողը ծանոթացավ Երևանի արդյունաբերական և կուլտուրական կյանքին։ Պատմության թանգարանում տպավորված էր մագաղաթե ձեռագրերով, պատկերասրահում հիացավ Մարտիրոս Սարյանի կտավներով։ Այնուհետև մամուլը հայտնում էր. «Նախաճաշից հետո պրոլետգրող Եղիշե Չարենցը Մաքսիմ Գորկուն մատուցեց իր «Երկիր Նայիրի» գրվածքի ռուսերեն թարգմանությունը։ Գորկին շնորհակալություն հայտնեց Չարենցին և խոստացավ նամակ գրել նրան այդ գրքի մասին, որը նա սկսել է կարդալ դեռ Իտալիայում»։

Գորկուն ուղեկցեցին հիդրոկայան, Բամբակազտիչ գործարան, ապա գնացին «Ձեթ-օճառի» գործարան։ Մի զավեշտալի դրվագ կա՝ կապված այդ այցի հետ։ Գործարանում նա առանձին ուշադրությամբ էր դիտում մեքենայի ամեն մի շարժումը։ Ափի մեջ բռնում էր բամբակի հունտը, գցում ատամի տակ, ծամում, վերցնում էր թեփը, քուսպը, ուշադիր զննում էր ամեն բան։ Այդ ժամանակ որոշում են նրան ցուցադրել բանվոր «արձանագործի» կերտած Լենինի օճառե կիսանդրին։ Գորկին վերցնում է քանդակը, շուռումուռ է տալիս և հանկարծ ասում է, որ իրեն առավելապես հետաքրքրում է օճառի որակը։ Դրա համար էլ պոկում է Լենինից մի փոքրիկ կտոր, թրջում շրթունքներում, ապա սկսում է մատներով տրորել։ Մինչ ներկաներն ապշած դիտում էին, թե ինչպես էր անարգվում հեղափոխության մեծ առաջնորդը, Գորկին շարունակում է աշխուժորեն բացատրել, թե ուզում էր ընդամենն իմանալ՝ փրփուր տալի՞ս է այդ օճառը, որից իր սիրելի ընկերոջ կիսանդրին էին կերտել։

Այցելությունների կարևոր վայրերից մեկն էլ դառնում է «Արարատ» գինու գործարանը, որի նկուղներում հիացած հյուրն առատորեն համտեսում է տակառների թունդ պարունակությունը։ Ասում են, թե հենց այստեղ էլ նա արտասանել է իր նշանավոր խոսքերը. «Երևի ավելի հեշտ է Արարատ լեռը բարձրանալ, քան բարձրանալ «Արարատի» նկուղից»։

Հենց այդպես՝ գինովցած էլ Գորկին գնաց մասնակցելու մեծ միտինգին, որ կայացավ քաղաքային այգում, շուրջ 10 հազար երևանցիների ներկայությամբ։ Փոթորկալից օվացիաներով, խնդության բացականչություններով և համատարած ուրախությամբ դիմավորեցին նրան, Գորկին մի ճառ արտասանեց, որը, ըստ էության, խորհրդային երկրի ու հեղափոխության գովքն էր։ Իսկ երեկոյան նույն այգում նրա համար մեծ համերգ տվեցին։ Կոնսերվատորիայի սաները կատարեցին Սպենդիարյանի ստեղծագործություններից, իսկ պարախումբը ցուցադրեց Սասունցիների պարը։ Սա անջնջելի տպավորություն թողեց Գորկու վրա։

Gorki (2)

Գորկին հայ պիոներների հետ։

Հետագայում նա այդ տեսարանը պիտի վերհիշեր այսպիսի գույներով. «Տաքացած երգում է դուդուկը, բայց նրա բարձր ձայնը արդեն ականջ ծակող չի թվում, բարձր, բայց փափկորեն չափ է խփում թմբուկը, և այդ երաժշտության ետևում տեսնում ես մեկ ուրիշը՝ մարդկային ճկուն մարմնի զարմանալի գեղեցիկ շարժումների երաժշտությունը, ազատ խաղը վառ հագուստների բազմերանգ ալիքների մեջ։ Այն պահերին, երբ բազմագլուխ մարմնի շարժումների սլացիկությունը աճելով փոխվում էր ոսկե և ծիածանագույն փոթորկի, ես սպասում էի, որ պարողների շղթան կկտրվի առանձին օղակների, բայց այդ փոթորկի մեջ էլ նրանք պահպանում էին շարժումների միահամուռ շարժունությունը՝ մեծացնելով և խորացնելով ուժի ու միասնության տպավորությունը։

Gorki (1)

Gorki (4)

Այն տունը, որտեղ իջևանել է Գորկին։

Երբեք ես չէի տեսել և չէի կարող երևակայել այդպիսի կատարյալ միաձուլության պատկեր, շատերի համախմբվածություն մի միասնական գործողության մեջ։ Այդ շատ հինավուրց պարի մեջ անտարակույս թաքնված էր ինչ-որ խորհրդանշական բան, բայց ինձ չհաջողվեց պարզել, թե ինչ է դա՝ քրմերի կրոնական պա՞ր, թե՞ ռազմիկների պարգ Անտարակույս, սասունցի հայերի պարը ռազմիկների հաղթական պար է»։

Համաձայն այդ օրերի մամուլի տեղեկություների, երեկոյան ժամը 9-ին Մ. Գորկին Մյասնիկյանի անվան գրադարանում տեսակցություն է ունեցել Հայաստանի պրոլետգրողների ասոցիացիայի, Աշխատավորական գրողների միության անդամների և մամուլի աշխատակիցների հետ։ Սակայն այլ աղբյուրներ վկայում են, որ իրականում հանդիպումը կայացել էր Բանկոոպի թեյարանում։ Դատելով արձագանքներից, զրույցն այնքան էլ աշխույժ և հետաքրքիր չի անցել՝ հերթապահ հարցեր, հերթապահ պատասխաններ։ Օրվա անցուդարձից հոգնած ռուս գրողն իր գործն ավարտած մարդու շտապողականությամբ հեռացել էր հավաքից և գնացել էր իրեն հատկացված բնակարանը՝ հենց այն տունը, որտեղ այսօր ցուցանակն է փակցված։ Իսկ երբ առավոտը բացվեց, նա արդեն Երևանում չէր։ Գորկին Թիֆլիս էր մեկնել՝ առանց հրաժեշտ տալու։

Իբրև վերջաբան՝ այս պատմությանը կցենք այդ օրերին «Խորհրդային Հայաստան» թերթում տպագրված լուրը՝ «Մաքսիմ Գորկին Հայաստանում» վավերագրական ժապավենի մասին։ Այնտեղ մասնավորապես ասվում էր. «Մաքսիմ Գորկին Երևանում» կինոժապավենը կիսով չափ միայն կարող է գոհացուցիչ համարվել, որովհետև միանգամայն անհայտ պատճառներով խրոնիկայում բոլորովին բացակայում են Երևանում գրողի մնալու կադրերը, օրինակ՝ գործարանները, հիդրոկայան, թանգարան այցելելը։

Վերջապես՝ այն վիթխարի միտինգը, որը կազմակերպվել էր Կոմունարների այգում Մաքսիմ Գորկու մասնակցությամբ, ապա՝ հանդիսավոր ընդունելությունը, օվացիաները, որոնք ցույց տվին բազմահազար ընթերցողները մեծ գրողին։
Ինչ վերաբերում է հանված կադրերին, չի կարելի չխոստովանել, որ հաջող են թե լուսանկարները, թե մոնտաժի սյուժետային կառուցվածքը, և թե դինամիկ լինելը՝ չնայած աննպաստ պայմաններին»։

ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս