Մոսկվա-Բաքու-Թեհրան եռանկյունին կասկածելի է
Հարցազրույց ՌԴ Պետական համալսարանի տնտեսագիտության բարձրագույն դպրոցի համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետի փոխդեկան, Եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Անդրեյ Սուզդալցևի հետ
– Իրան-ՌԴ-Ադրբեջան համագործակցությունն ինտենսիվորեն զարգանում է, ընդհուպ՝ նախագահների մակարդակով հանդիպումներն են հաճախակի դարձել, հաջորդ նման հանդիպումն օգոստոսին է նախատեսված, իսկ հայ-իրանական հարաբերություններում գործն առաջ չի գնում միջկառավարական հանձնաժողովների նիստերից ու խորհրդակցություններից։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են ՀՀ-ի և Իրանի հարաբերությունները ծայրաստիճան դանդաղ առաջ ընթանում։ Որոշ հայ վերլուծաբաններ գտնում են, որ դրան խոչընդոտում է ՌԴ-ն կամ ռուսական շահը մեր երկրում։
– ՌԴ-ի կողմից խոչընդոտ չկա, կարծում եմ՝ հակառակն է։ Խնդիրն այն է, որ Իրանը շատ ծանր բանակցային գործընկեր է։ Կարող եմ միանշանակ ասել, որ Մոսկվա-Բաքու-Թեհրան եռանկյունին է կասկածելի։ Դա հին պատմություն է և կապված է նրա հետ, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները շատ բարդ են պատմականորեն, և իրավիճակը բարդացնում է նաև այն, որ ադրբեջանցիներից յուրաքանչյուր 3-ից 2-ը բնակվում է Իրանի տարածքում, այնտեղ, այսպես ասած, սփյուռք են ձևավորել։ Եվ ասել, որ կարող է գոյատևել նման եռակողմ ֆորմատ՝ ՌԴ-Ադրբեջան-Իրան, անկանխատեսելի է։ ՀՀ-ի հետ մեր գլխավոր խնդիրը տրանզիտային տրանսպորտն է, քանի որ ՀՀ-ն մեկուսացված տարածք է, Թուրքիայի հետ կապված այդ խնդիրը լուծելն անհնար է, Ադրբեջանի դեպքում ծիծաղելի է անգամ խոսելը, իսկ Վրաստանի դեպքում շատ բարդ է։ ՀՀ-ի մեկուսացման խնդիրը լուծելի է Իրանի միջոցով, և Իրանը հրաշալի հասկանում է իր յուրահատուկ քաղաքական կարևորությունը և, իհարկե, հաշվի է առնում այդ փաստը։ Տվյալ դեպքում Իրանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են, բայց, կրկնեմ, Իրանը շատ ծանր բանակցող է։
– Հուլիսի 12-13-ին Բուլղարիայում հանդիպելու են Հայաստանի, Իրանի, Վրաստանի, Բուլղարիայի ու Հունաստանի պատվիրակությունները՝ քննարկելու համար Պարսից ծոցը Սև ծովին կապող տարանցիկ միջանցքի հեռանկարին վերաբերող հարցեր։ Ըստ Ձեզ՝ այդ հանդիպման ժամանակ ո՞ւմ շահերն է ներկայացնելու Հայաստանը՝ սեփակա՞ն, թե՞ ԵԱՏՄ-ի։
– Կարծում եմ՝ առավելապես սեփական, որովհետև այժմ ՌԴ-ն շատ շահագրգռված է օգտագործել իր առևտրային ներուժը, որի համար այսօր գլխավոր խնդիրը «Մետաքսի ճանապարհն» է։ Իսկ Պարսից ծոցից մինչև Բուլղարիա ուղին գլխավորապես հետաքրքրում է Թուրքիային։ Ռուսաստանն այդտեղ անելիք չունի՝ անգամ Մոսկվայի ու Անկարայի միջև սառույցի հալչելու պայմաններում։
– Իրանի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցության զարգացման հեռանկարում ի՞նչ դեր կարող է ունենալ Հայաստանը։
– Հայաստանի դերը հիմնականում տրանսպորտային կարող է լինել, որովհետև, ցավոք, Հյուսիսային Կովկասով և Վրաստանով ենթակառուցվածքները սահմանափակ են, ճանապարհ կա Կասպիցի նավահանգիստներով։ Վերջին շրջանում շատ են խոսակցությունները, որ պետք է ակտիվացնել առևտրաշրջանառությունն Իրանի հետ, սակայն խնդիր է, թե ինչ ապրանքներ կարելի է ներմուծել Իրանից։ Քանի դեռ Իրանի հանդեպ պատժամիջոցներ էին սահմանված, այդ հարցն այդքան ակտուալ չէր, բայց հիմա, երբ պատժամիջոցները հանվել են, և քաղաքական բարենպաստ պայմաններ կան, Իրանի համար առաջնահերթությունը Եվրոպայի հետ առևտրային հարաբերությունների զարգացումն է։
– Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս պետք է անցնի Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը՝ Ադրբեջանո՞վ, թե՞ Հայաստանով։
– Եթե նման հնարավորություն լինի, որ այդ ուղին անցնի ՀՀ-ով, դա լավ կլիներ։ Նաև Եվրոպան էր խոսում Հարավային միջանցքի մասին՝ Ադրբեջան-Վրաստան ուղիով, բայց կա նաև երկրորդ միջանցքը՝ Ադրբեջան-Հայաստան, որն արգելափակված է ղարաբաղյան հակամարտության պատճառով։ Մոսկվան էլ ունի այդ միջանցքի խնդիրը, բայց այդ միջանցքները կարելի է ձևավորել ու գծել ըստ ցանկության։ Խնդիրն այն է, թե ինչ ապրանքով դրանք պետք է լցվեն։ Դա ամենածանր պրոբլեմն է։
– Իսկ ինչո՞վ կարելի է առևտուր անել։
– Պիստակով։
– Իսկ բացի պիստակից այլևս ոչինչ հետաքրքի՞ր չէ առևտրի տեսանկյունից։
– Կարծում եմ՝ ոչ, որովհետև այն, ինչ արտադրում է Իրանը, նույն ապրանքները հաջողությամբ արտադրվում են Ռուսաստանում, դեռ ավելի լավ որակով, այդ թվում՝ հայտնի «Մուստանգ» ավտոմեքենաները։
– Այդ դեպքում ինչո՞ւ է ստեղծվում ԵՏՄ-ի և Իրանի միջև ժամանակավոր ազատ առևտրի գոտին, հետո էլ ջանքերը պետք է շարունակվեն, որ այն մշտական գործի։
– Իրանը շարունակում է մնալ կարևորագույն գործընկեր Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության համար, բնականաբար։ Այնտեղ հսկայական աշխատանք է տարվում էներգետիկ ոլորտում, պատվերներ են ստացվում Իրանի Հանրապետությունից՝ միջուկային արդյունաբերության հետ կապված, իրականացվում է ռազմական տեխնիկայի մատակարարում, և այլն։ Իրանը ծանրակշիռ գործընկեր է թե՛ համաշխարհային, թե՛ տարածաշրջանային տեսանկյունից։ Իրանն ակտիվ զարգացող երկիր է, և այդ ազատ գոտին լուրջ դերակատարում կունենա ապագայում։
– Իրանը Ռուսաստանի համար առավելապես դաշնակի՞ց է, թե՞ մրցակից, հատկապես՝ ԵՄ-ի հետ առևտրային հարաբերություններում։
– Այն ո՛չ դաշնակից է, ո՛չ մրցակից։ Իրանն աշխարհի այն սակավաթիվ երկրներից է, որը վարում է սեփական քաղաքականություն։ Դրանց կարելի է հաշվել մի ձեռքի մատների վրա։ Եվ որքան էլ տարօրինակ է, Իրանը մտնում է դրանց մեջ։ Իրանը դիմացավ խստագույն պատժամիջոցների, որոնք նրա համար փակել էին համաշխարհային էներգետիկ շուկան։ Իրանը, իհարկե, օգտագործում է ՌԴ-ին, շատ ակտիվորեն օգտագործել է պատժամիջոցների ժամանակաշրջանում, բայց ՌԴ-ն էլ է հենվում Իրանի վրա։ Դա փոխշահավետ քաղաքական խաղ է։ Երբեմն Իրանը գործընկեր է, երբեմն՝ դաշնակից, երբեմն էլ՝ ուղեկից։ Այսինքն՝ ՌԴ-ի ու Իրանի հարաբերությունները բազմաշերտ են։