Հայաստանի չհրապարակված դատավճիռը

«Գելափ Ինթերնեյշնլի» Հայաստանի ներկայացուցչությունը հրապարակել է մայիսին անցկացված մի հարցման արդյունքներ, որի համաձայն՝ հարցվածների 25 տոկոսը կարծում է, որ վերջին 5 տարիներին Հայաստանում կյանքը զգալիորեն վատացել է, 36,4 տոկոսը կարծում է, որ մասամբ է վատացել, 24 տոկոսը կարծում է, որ մնացել է նույնը, 7,4 տոկոսը կարծում է, որ կյանքը լավացել է, և միայն 0,7 տոկոսն է կարծում, որ վերջին 5 տարիներին Հայաստանում կյանքը զգալիորեն լավացել է:

Հարցումների արդյունքները ցույց են տվել նաև, որ Հայաստանում քչերն են բավարարված իրենց կյանքից. հարցին՝ ընդհանուր առմամբ բավարարվա՞ծ եք ձեր կյանքից, հարցվածների 8 տոկոսը պատասխանել է, որ լիովին բավարարված է, 49.4 տոկոսը՝ ավելի շուտ բավարարված է, 27.6 տոկոսը՝ ավելի շուտ բավարարված չէ, 14.9 տոկոսը՝ ընդհանրապես բավարարված չէ: Այս հարցումը որևէ նորություն չի բացահայտել, այլ ընդամենը թվային տվյալներով ցույց է տվել այն, ինչ հայտնի է բոլորին՝ Հայաստանում կյանքի պայմանները, կյանքի որակը, մեղմ ասած, հեռու են մարդու համար բավարար լինելուց:

Եվ պատահական չէ, որ հարցվածների ընդամենը 7.4 տոկոսն է կարծում, որ Հայաստանում վերջին հինգ տարիներին կյանքը լավացել է, և միայն 0.7 տոկոսն է կարծում, որ կյանքը լավացել է էականորեն, իսկ կյանքից էլ բավարարված է միայն 8 տոկոսը: Հասարակության մոտավորապես այդքան հատվածն այս կամ այն չափով, ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապված է իշխանական, տնտեսական վերնախավի հետ, իսկ վերջիններիս կյանքը, քաղաքացիների կյանքի վատացմանը հակադարձ համեմատական կերպով, անշեղորեն բարելավվում է:

Մյուսների համար կյանքի որակը հեռու է բավարար լինելուց, ավելի շատերի համար՝ այն անտանելի է: Մեծամասնության համար կյանքի որակը՝ նյութական և ոչ նյութական բաղադրիչներով, այնպիսին է, որ ստիպում է եթե ոչ՝ գործնական քայլեր ձեռնարկել, ապա՝ առնվազն մտածել Հայաստանից հեռանալու մասին: Արտագաղթն իրականում արտահայտվում է ոչ միայն ֆիզիկապես երկիրը լքելու տեսքով, այլև հոգեբանորեն, արտահայտվում է այն պահից, երբ մարդը սկսում է մտածել այդ մասին: Այդ պահից սկսած մարդը հայրենիքում ապրում է պարտադրված՝ այս կամ այն գործոնի ազդեցությամբ երկիրն այդ պահին լքել չկարողանալու պատճառով: Անհատական, անձնային մակարդակում պարտադրվածությունը, ստիպված ապրելու կերպն իրականում ածանցվում է այն ռեժիմից, որում գտնվում է Հայաստանը:

Հայաստանի իշխանության գրեթե բոլոր քայլերը պարտադրված, ստիպված քայլեր են: Հայաստանը ստիպված գտնվում է Ռուսաստանի ազդեցության տակ ու վերջինիս պարտադրած իբրև թե անվտանգության համակարգում՝ ամեն օր ավելի ու ավելի կործանելով սեփական տնտեսությունն ու վտանգելով երկրի անվտանգությունը:

Հայաստանը ստիպված է հարաբերվել Արևմուտքի ու անգամ հարևան Իրանի հետ այնքանով, որքանով թույլատրվում է Ռուսաստանի կողմից: Հայաստանը ստիպված է կուրորեն ենթարկվել ցանկացած հարցում Ռուսաստանից եկող ճնշմանը՝ վերջինիս հանձնելով գրեթե ամեն ինչ՝ ցամաքում, ջրում և օդում: Ստիպված, պարտադրված ռեժիմով ապրող պետությունը զուրկ է որևէ նախաձեռնողականությունից, ստիպվածությունը մսխում է հանրային ու պետական ամբողջ ներուժը:

Հայաստանը որևէ հարցում հանդես չի գալիս նախաձեռնողի դիրքերից: Հայաստանն այլոց նախաձեռնությունների իրականացնողն է, լավագույն դեպքում՝ սպառողը:

Մեծ հաշվով, դա այն գինն է, որը վճարում է Հայաստանի հասարակությունը՝ տարիներ շարունակ իշխանությունների վարած քաղաքականության համար: Քաղաքականություն, որի միակ տեսանելի արդյունքը նույն իշխանության պահպանումն ու վերարտադրությունն է՝ պետությունը ստիպված, պարտադրված գոյության ռեժիմին հասցնելու, անհատապես և հանրային մակարդակով քաղաքացիների ապագան, Հայաստանում ապրելու տեսլականը սպանելու գնով:

Այդ մթնոլորտը պարուրված, փաթեթավորված է զարգացման, առաջխաղացման, «դրական սպասումների» քարոզչական առասպելով, որն իշխանությունը դարձրել է իրականությունը քողարկելու, իրականությունից փախչելու միակ գործիքը:

Հոգեբանության մեջ փախուստն իրականությունից բութագրվում է տարբեր ախտորոշումներով: Սակայն, երբ իրականությունը, որից մարդիկ ցանկանում են փախչել, նույնանում է պետության, հայրենիքի հետ, ախտորոշումը դառնում է դատավճիռ: Այն դեռևս պաշտոնապես չի հրապարակվել, բայց ներսից սպանում է պետությունն ամեն անցնող օրվա հետ:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս