Հարսանիք՝ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդում
Հունիսի 30-ին ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդում տեղի ունեցած միջոցառումը ոստիկանական առօրյայից չէր, բայց գեղեցիկ հանգուցալուծումն էր այդ առօրյայի հետ կապված մի պատմության:
Տարիներ առաջ, երբ հրամանատարի՝ գնդապետ Գուրգեն Գրիգորյանի գլխավորությամբ ստանձնում էին Գավառի մանկատան հովանավորությունը, ոչ մեկի մտքով չէր անցնում, որ ամեն այցելության հետ խորացող հարազատությունը վերածվելու է… խնամիության: Եվ առաջին անգամ մանկատուն գնացող սերժանտ Սարգիս Մխիթարյանն էլ չգիտեր, որ այնտեղ հանդիպելու ու հավանելու է Աշխեն անունով աղջկան, որն այսուհետ իր կյանքի ընկերւհին է լինելու:
Բայց… մարդը ենթադրում է, Աստված՝ կարգադրում:
Եվ այս անգամ էլ ամեն ինչ Նախախնամության կամոք է: Հանդիպումը, սերը, ընտրությունը, այս հարսանյաց հանդեսը զորամասի ճաշարանում՝ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի, բարձրաստիճան սպաների սրտառուչ մասնակցությամբ, գնդապետ Գուրգեն Գրիգորյանի սրտանց խաչքավորությամբ, մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանի հուզված հայրությամբ, ոստիկան ընկերների աշխարհի չափ ուրախությամբ և հարսիկի ընկերուհիների արցունքոտ աչքերով…
Զինվորական ընկերությունն, ասում են, ամենաամուրն է աշխարհում: Ուրեմն այսպիսի հարսանիքով սկսվող այս ոստիկանական ընտանիքն էլ պինդ, անդավաճան ու անհաղթելի է լինելու:
Երջանի՛կ եղեք, Սարգիս և Աշխեն:
Աստված ձեզ պահապան:
ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջից