«ԵԱՀԿ-ն միշտ է հասկացել, որ ԼՂ հակամարտությունը վտանգավոր է». Շտայնմայեր
ԵԱՀԿ-ն միշտ է հասկացել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վտանգավոր է: Հակամարտության ապագան ապահովագրված չէ: Մենք պետք է ձգտենք հասնել կայունության, տարածաշրջանում՝ խաղաղության հաստատման:
Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին այսօր հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նշել է, որ ձեռնարկվելու են համապատասխան միջոցառումներ՝ ԼՂ-ում հրադադարի ռեժիմի ամրապնդման նպատակով:
«Ապրիլյան իրադարձություններից հետո մեզ ավելի շատ են հարկավոր փոխզիջումներ և առաջարկներ: Մենք ցանկանում ենք, որ հակամարտությունը լուծվի կառուցողական ճանապարհով: Հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է օգտագործել նախագահների միջև հանդիպումների պոտենցյալը, անցկացնել լուրջ բանակցություններ՝ հրադադարի ռեժիմի վերականգնման ու պահպանման համար:
ԵԱՀԿ համանախագահները զբաղվում են հակամարտության կարգավորմամբ և ցանկանում են հարցի շուտափույթ լուծում: Մենք պետք է ակտիվ լինենք այդ հարցում:
Մենք ցանկանում ենք, որ հակամարտության կարգավորման ուղղությամբ բանակցություններ ընթանան և այդ բանակցությունները լինեն կայուն:
Հարկավոր է օգտվել ձեռք բերված ներկայիս առաջընթացից: Բանակցություններն անհրաժեշտ է վարել ոչ միայն ԵԱՀԿ շրջանակում, այլև ողջ տարածաշրջանի: Ստատուս քվոն անընդունելի է, մենք չպետք է դա անտեսենք:
ԵԱՀԿ-ն մեծ դեր է խաղում տարածաշրջանում: Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ ԵԱՀԿ-ն կարևոր դեր է խաղում: Դրանից հետո մենք կձգտենք հասնել հակամարտության կարգավորման»,- ասել է Շտայնմայերը: