
«Yandex» տաքսին աշխատելու է լիցենզիա ունեցող վարորդների հետ

Կառավարության նիստից հետո ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպեց գործադիրի շենքի առջև հավաքված տաքսիների վարորդներին և տեղեկացրեց, որ հուլիսի 1-ից Հայաստան մուտք գործող «Yandex Taxi»-ին պետք է աշխատի լիզենզավորված վարորդների հետ, իսկ եթե այդ պահանջին չբավարարեն, միանշանակ կտուգանվեն: «Իսկ ընդհանուր առմամբ ցանկություն կա ունենալ օրենքի նախագիծ, ո րն ամբողջությամբ կկարգավորի տաքսի ծառայությունների դաշտը, այդ թվում` GG-ի ու «Yandex»-ի, ու բոլոր այն տաքսիների, որոնք ինտերնետային կարգով ծառայություններ կմատուցեն»,– ասաց նա:
Միաժամանակ, Բեգլարյանն անդրադարձավ տաքսիստների կողմից մատուցվող ծառայությունների որակին՝ նշելով, որ տեղյակ է դեպքերի, երբ վարորդները մի փոքր հատված սպասարկելու դիմաց սփյուռքահայերից ու օտարերկրացիներից աստղաբաշխական գումարներ են պահանջում:
Վարորդներն ավելի վաղ նշել էին, որ «Yandex Taxi»-ի` ՀՀ մուտք գործելու դեպքում պատրաստ են անգամ լիցենզիաները կառավարությանը հետ վերադարձնել, եթե գործադիրը խնդիրը չլուծի:
Yandex Taxi-ին ՀՀ-ում գործելու է հուլիսի 1-ից. բջջային հավելվածի միջոցով այն հնարավորություն կտա տաքսի պատվիրել և, ի տարբերություն մնացած տաքսիների, կփոխադրի 100 դրամ մինիմալ վճարով առաջին 2 կիլոմետրի համար: