Ստամբուլի ահաբեկչության հեղինակները ԱՊՀ երկրների քաղաքացիներ են
Ստամբուլի Աթաթուրքի միջազգային օդանավակայանի ահաբեկչության հեղինակները եղել են Ուզբեկստանի, Ղրղըզստանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով թուրքական իշխանություններին:
Թուրքական Dogan գործակալության հաղորդմամբ՝ ՌԴ քաղաքացին Դաղստանի բնակիչ է:
Ավելի վաղ թուրքական Habertürk հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ ահաբեկչության 3 մահապարտներից մեկը կարող էր լինել Չեչնիայի քաղաքացի: Հաղորդվել էր, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը գրանցել է նրա ժամանումը Թուրքիա Սիրիայի Ռաքքա քաղաքից, որը համարվում է ԴԱԻՇ-ի մայրաքաղաքը: Որոշ ԶԼՄ-ներ անգամ հայտնում էին նրա անունը՝ Օսման Վադինով:
Վերջին տվյալների համաձայն՝ Ստամբուլի Աթաթուրքի միջազգային օդանավակայանում 3 պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի, որոնց թվում կա 10 օտարերկրացի և երկքաղաքացիություն ունեցող 3 մարդ: Վիրավորների թիվը 239 մարդ է: