«Նրանց հրետանին անդադար խփում էր մեր դիրքերին՝ վայրկյան իսկ կանգ չառնելով». հրետանավոր

Հայկական բանակի սպա, գումարտակի հրամանատարի հրետանու գծով օգնական Անդրանիկ Գրիգորյանի կարծիքով՝ քառօրյա պատերազմի ընթացքում մեր հրետանին խփել է միայն դիպուկ եւ նշանակային՝ ճշգրտորեն խոցելով բոլոր անհրաժեշտ թիրախները: Ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրեց կապիտան Անդրանիկ Գրիգորյանը, քառօրյա մարտերում մեր հրետանու արձակած յուրաքանչյուր կրակոց դիպել է նպատակակետին, ի տարբերություն հակառակորդի արձակած անկանոն ու հախուռն կրակոցների:

«Թշնամու ամեն մի գործողություն ստացել է համարժեք եւ առավել պատասխան: Մեր կողմից արձակված ամեն մի արկ հասել է իր նպատակին, թշնամուն պատճառել նյութական ու մարդկային կորուստներ: Թշնամու զինուժը ստացել է համապատասխան պատիժ, եւ այսօրվա իր լռությունը նաեւ դրանով է պայմանավորված»,- նշեց հրետանավորը:

«Թշնամու հրետանու կրակոցների 10 տոկոսն էլ չի հասնում իր նպատակին, իսկ այն, ինչ դիպչում է թիրախին, ապա դա ոչ այնքան ուղիղ նշանառության, որքան՝ ավելի շատ ու տեւական կրակոցների մեջ է: Ապրիլի առաջին չորս օրերի ընթացքում նրանց հրետանին անդադար խփում էր մեր դիրքերին՝ վայրկյան իսկ կանգ չառնելով: Բայց այդ հրեհեղեղը ոչ մի կերպ չսասանեց մեր շարքերը: Դաշտով մեկ թափված տարատեսակ արկերի բեկորները կարող են հուշել, թե որքան աննպատակ կրակոցներ է արձակել թշնամու հրետանին մեր դիրքերի բոլոր կողմերում: Իզուր չի ասված, որ հրետանին պատերազմի աստվածն է, եւ մենք կարողանում ենք զորություն տալ պատերազմի այդ աստծուն: Մեր ամեն մի արկի, ամեն մի հրետանային զինատեսակի արժեքը մենք լավ գիտենք, մենք կարողացել ենք ու կկարողանանք անխախտ պահել մեր սահմանները»,- ասել է կապիտան Անդրանիկ Գրիգորյանը:

Անդրանիկի ծառայության առաջին 2 տարիներն անցել են «Եղնիկներում», 3 տարին՝ Մարտակերտի սահմանամերձ դիրքում:

Խոսրով Խլղաթյան

Տեսանյութեր

Լրահոս