«Հիմա ամբողջ օրը պիտի հայտարարե՞նք, թե մենք ինչ ենք անում». Դավիթ Լոքյան

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ գումար հատկացվեց Շիրակի մարզպետարանին՝ Արթիկում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով վնասներ կրած բնակիչներին աջակցություն ցուցաբերելու նպատակով: Նախագիծը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը՝ նշելով, որ ֆինանսական միջոցներ են տրամադրվում բնակարանների վերականգնման համար. նրա խոսքով՝ մեկ բնակարանի համար հատկացվել է մինչև 4մլն 600 հազար դրամ, ինչը բավարար է կեցության նորմալ պայմաններ ապահովելու համար:

Նրա խոսքով՝ անհրաժեշտություն է առաջացել աջակցություն ցուցաբերել վնասված շենք-շինությունների բնակիչներին՝ 22,350.0 հազար դրամ, անկած գյուղատնտեսական կենդանիների՝ 684.2 հազար դրամ, և մշակաբույսերի ցանքատարածություններին պատճառված վնասի դիմաց՝ 1,746.0 հազար դրամ, ինչպես նաև անհրաժեշտ է աշխատանքներ տանել սելավատարների մաքրման և վերականգնման ուղղությամբ՝ 16,965.8 հազար դրամ:

Ներկայացնելով ներկա վիճակը՝ Դավիթ Լոքյանն ասաց, որ այսօր քաղաքում բնականոն գործունեություն կա, հեղեղատը բացված է, դադարել է նկուղներ ջրի հոսքը, գազիֆիկացումը վերականգնված է՝ բացառությամբ 8-10 շենքերի, որոնք հեղեղատի վրա տեղադրված գազից են օգտվում, վթարներից խուսափելու համար այն անջատվել է, քաղաքում ջուրը վերականգնված է, միայն այդ փոքր տարածքում ջուր չկա, բայց այդ ընտանիքներին ջուր է տրամադրվում:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ անհրաժեշտ է իրազեկել նաև հանրությանը, քանի որ բազմաթիվ իրարամերժ խոսակցություններ, տեղեկություններ են տարածվում:

«Պարո´ն վարչապետ, հիմա… Դուք եղել եք աղետի հաջորդ օրը, աղետի օրը ես ամբողջ գիշեր եղել եմ այնտեղ: Հիմա ամբողջ օրը պիտի հայտարարե՞նք, թե մենք ինչ ենք անում»,- ասաց Դավիթ Լոքյանը՝ նշելով, որ աշխատանքներ արվում են, բայց մարդիկ կան, որ «քաղաքական բաներ են անում՝ քաղաքապետ դառնան, ավագանի դառնան»:

Հովիկ Աբրահամյանն ասաց, որ պարտավոր են հանրությանը ճիշտ տեղեկատվություն տրամադրել, թե մարդիկ, քաղաքական գործիչներն ինչ նպատակներով ինչ կտարածեն՝ նրանց գործն է. «Մենք մեր արած գործի մասին պիտի խոսենք, ի՞նչ կա ամաչելու, պարո՛ն Լոքյան, եթե մարդն ուզում է քաղաքապետ դառնա, փնովում է կառավարության աշխատանքը, իմ կարծիքով՝ դա արդար չէ»:

Տեսանյութեր

Լրահոս