Ազգային ժողովը վավերացրեց ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ձայների մեծամասնությամբ վավերացվեց Հայաստանի և Ռուսաստանի միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը:
Փաստաթղթին կողմ քվեարկեցին 102, դեմ` 8, ձեռնպահ` 0 պատգամավորներ: Դեմ քվեարկողներն էին` Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Զարուհի Փոստանջյանը, Թևան Պողոսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Էդմոն Մարուքյանը և Տիգրան Ուրիխանյանը:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների և լրացումների փաթեթը: Կողմ քվեարկեցին 104, դեմ` 5, ձեռնպահ` 2 պատգամավորներ: Դեմ էին Ռուբիկ Հակոբյանը, Զարուհի Փոստանջյանը, Թևան Պողոսյանը, Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը: Ձեռնպահ են քվեարկել ԲՀԿ-ից Տիգրան Ուրիխանյանն ու Ռուբեն Գևորգյանը:
ԱԺ-ն ընդունեց նաև երեկ քվեարկված մնացած բոլոր նախագծերը, այդ թվում վավերացվեցին «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ թափոնների կառավարման ծրագիր», «Սահմանային անցակետեր և ենթակառուցվածք (Հայաստանի Հանրապետություն. Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի սահմանային անցակետերի արդիականացում)» ֆինանսական պայմանագիրը և այլն: