Դեռևս չի առաջարկվում Ղարաբաղ ուղարկել ԵԱՀԿ խաղաղապահներ. Լուկաշևիչ

Ներկայում չի ծագում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի խաղաղապահներ ուղարկելու գաղափարը, RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

«Կա Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ օպերացիայի հայեցակարգ, որը հաստատվել է դեռ 1990-ական թվականներից: Սակայն դա կարգավորման վերջնական փուլն է, ներկայում այդ գաղափարը չի ծագում, քանի որ չկա կարգավորում:

ԵԱՀԿ քարտուղարության շրջանակում գործում է այսպես կոչված բարձր մակարդակի պլանավորման խումբը, որը կանոնավոր կերպով ադապտացնում է ԵԱՀԿ հովանու ներքո հիպոթետիկ խաղաղապահ գործողություն անցկացնելու սխեման Ղարաբաղյան հակամարտության գոտում: Այսինքն, դա ԵԱՀԿ-ի համար հստակ նախանշված խնդիր է: Սակայն ի՞նչ ուժերով: Ի՞նչ տեսք է այն ունենալու:

Դրանք քարտեզներում միայն նշումներ են, որոնց հետ բավական կանոնավոր կերպով ծանոթացնում են մասնակից երկրներին»,- ասել է ռուս դիվանագետը:
«Խումբը սերտորեն աշխատում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, հաճախակի այցելում է նշված վայր:

Ադապտացիա ասելով նկատի ունեմ տեղանքի զննումն ու քարտեզի վրա այդ խաղաղապահ ստորաբաժանումների տեղակայման հնարավոր տարբերակները:
Վերջնակետը կարգավորման սկզբունքների համաձայնեցումն է, ինչից հետո կողմերը համաձայնեցնում են այդ խաղաղապահ առաքելության տարրերը:

Սակայն դա շատ հեռավոր հեռանկար է և դեռ շատ տեսական հարց՝ կարգավորման սկզբունքների շուրջ կողմերի միջև պայմանավորվածության բացակայության պայմաններում»,- ընդգծել է Լուկաշևիչը:

Բացի այդ, նրա խոսքով, ԵԱՀԿ-ի համար տվյալ գաղափարը կլինի մեծ մարտահրավեր, քանի որ ԵԱՀԿ-ն երբեք չի զբաղվել խաղաղապահ գործողություններով:

Տեսանյութեր

Լրահոս