«Չենք քննարկել և չենք քննարկի ԼՂ-ն, որպես ինքնավարություն Ադրբեջանի կազմում». Նալբանդյան

Ադրբեջանական կողմը այս անգամ ևս Բաքու վերադառնալուց հետո շինծու վարկածներ դրեց շրջանառության մեջ. այսպես  ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն արձագանքեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օրերս արած հայտարարությանը, թե Ադրբեջանի կազմում կա Նախիջևանի ինքնավար Հանրապետություն և Ղարաբաղին ևս որոշակի կարգավիճակ կարող է տրվել նման կերպով և դա քննարկվել է վերջին բարձրաստիճան հանդիպումների ընթացքում:

Է. Նալբանդյանը նախ ասաց, որ ցանկացած բանակցային հանդիպումից հետո ադրբեջանական կողմը Բաքվում բանակցությունների թեմային հակասող հայտարարություն է անում: Նա դրանք որակեց որպես շինծու վարկածներ՝ միաժամանակ ակնարկելով, որ դա սպասելի էր Ադրբեջանի կողմից:

Ավելին, ըստ նրա, այսօր Ադրբեջանն անում է այն, ինչ եռանախագահող երկրներից մեկն էր ընգդծել՝ փորձում է պարանն իր կողմ քաշել, հանրային կարծիքի մոտ տպավորություն ստեղծել, որ այդ պայմանավորվածություններն իրենց համար նպաստավոր են:

Նախարարի դիտարկմամբ՝ ժամանակին հայաշատ Նախիջևանը, որը հայաթափված է ամբողջովին, դարավոր մշակույթը՝ ոչնչացված, որպես օրինակ է բերվում Ադրբեջանի ղեկավարի կողմից, որպես հեռանկար ԼՂ-ի համար: «Սա վառ ապացույցներից է, թե ինչու սա չէր կարող լինել բանակցությունների առարկա և չի էլ լինի, չենք քննարկել և չենք քննարկի ԼՂ-ն, որպես ինքնավարութուն Ադրբեջանի կազմում: Եռանախագահող երկրներն ամենաբարձր մակարդակով մշտապես նշել են, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշի ԼՂ ժողովուրդը՝ ազատ կամարտահայման միջոցով, սա է ասում ՀՀ-ն, եռանախագահող երկրները բարձր մակարդակով: Շինծու վարկածներ են, որոնք ներկայցվում են Ադրբեջանի ղեկավարության կողմից»,- ասաց նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս