«Այն, ինչ տեղի ունեցավ այս տարվա սկզբին, իրավունք չունի կրկնվելու». Շտայնմայերի ուղերձը՝ Բաքվում

«Պետք է ԼՂ հակամարտության համար փորձենք գտնել անվտանգության հնարավորություններ»,- այս մասին այսօր Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Գերմանիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը՝ անդրադառնալով իր ուղերձին, որով հանդես է գալու Բաքվում:

Հարցին, թե ի՞նչ ուղերձով է մեկնում Բաքու և ինչ ակնկալում հանդիպումների արդյունքներից, Շտայնմայերը պատասխանեց, թե ինքն ավելի շատ իրատես ԱԳ նախարար է, քան մարգարե: Սակայն, ինչպես հայտարարեց նա՝ այն, ինչ այս տարվա սկզբին տեղի ունեցավ, իրավունք չունի կրկնվելու և պետք է փորձեն գտնել անվտանգության հնարավորություններ և նոր եզրեր բանակցությունների շարունակության համար, ինչի շնորհիվ կկարողանան զինադադարի ռեժիմը կայուն պահել, փորձեն ԵԱՀԿ-ի գրասենյակը մեծացնել: Ըստ նրա՝ Բաքվում դրանք են լինելու բանակցությունների թեմաները:

Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի եռօրյա այցը Հարավային Կովկաս: Շտայնմայերն առաջինն այցելել է Հայաստան, որից հետո կմեկնի Ադրբեջան և Վրաստան:

Ուղևորությունը, ինչպես հայտնել էր Գերմանիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը, անցկացվելու է ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության շրջանակում և կոչված է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորմանը:

Տեսանյութեր

Լրահոս