«Դոնորները ցանկանում են համոզվել, որ իշանություններն այս համաձայնությանը լուրջ են վերաբերվում». Լևոն Զուրաբյան
«Մարտի 1-ի համար միակ պատասխանատուն իշխանությունն է»,- այսօր Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ՕԵԿ ղեկավար Հեղինե Բիշարյանի այն մեղադրանքներին, թե Մարտի 1-ի պատասխանատուներից է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Լ. Զուրաբյանի խոսքով՝ այստեղ պատասխանատվության այլ պատկերացում չի կարող լինել:
Անդրադառնալով Ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխությունների համար անհրաժեշտ ֆինանսավորմանը՝ Լ. Զուրաբյանն ասաց, որ, եթե իշխանություններն ասեին, որ իրենք պատրաստ են այդ պակասորդի 1 միլիոնը ֆինանսավորել, չափազանց դրական էֆեկտ կունենար ու դրական արձագանք կգտներ դոնոր կազմակերպությունների մոտ. «Իմ շփումները ցույց են տալիս, որ սպասելիքը հենց դա է: Դոնորները ցանկանում են համոզվել, որ իշանություններն այս համաձայնությանը լուրջ են վերաբերվում»:
Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանն էլ նշեց, որ ինքն էլ լիահույս է, որ ֆինանսավորման ձեռքբերման ուղղությամբ քայլեր առաջ են արվում. «Ես ևս լիահույս եմ, որ քայլեր առաջ կատարվում են ֆինանսավորման ուղղությամբ, բայց այստեղ շատ կարևոր է հաշվի առնել ժամանակը: Ես ուզում եմ, որ բոլորը շատ լավ գիտակցեն՝ ինչի մասին է խոսքը: Ենթադրենք՝ գումարը եղավ այս պահին, ենթադրվում է, որ պետք է ձեռք բերենք մոտավորապես 200-300 սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս հավաքել մարդկանց կենսաչափական տվյալները, պետք է պատրաստենք լրացուցիչ նմանատիպ սարքավորումները շահագործող ոստիկանական աշխատողների: Մենք պետք է ամենուշը կարողանանք այդ սարքավորումները ձեռք բերել մինչև սեպտեմբերի մեկը: Կոչ եմ անում կողմ քվեարկել այս նախագծին՝ հասկանալով, որ պետք է բոլորս սատար կանգնենք այս աշխատանքին»: