Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել Շտայնմայերի այցի կապակցությամբ
APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի՝ Ադրբեջան կայանալիք այցի վերաբերյալ:
Հաղորդվում է, որ Շտայնմայերի աշխատանքային այցն Ադրբեջան կսկսվի հունիսի 30-ին:
Այցի շրջանակում վերջինս կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումից հետո հրավիրվելու է մամուլի ասուլիս:
Հիշեցնենք, որ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն առաջինը կայցելի Հայաստան:
Ուղևորությունը, ինչպես հայտնում է Գերմանիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը, անցկացվելու է ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության շրջանակում և կոչված է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելուն:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ունի էսկալացիայի պոտենցիալ: ԵԱՀԿ-ում գերմանական նախագահության տարում մենք պատասխանատվություն ենք կրում հնարավորության սահմաններում այդ վտանգը մարելու համար՝ հրադադարի, վստահության կառուցմանն ուղղված միջոցների ու բանակցություններն արագ սկսելու միջոցով»,- հայտարարել է Շտայնմայերը Բեռլինում՝ տարածաշրջան այցից առաջ:
Նրա խոսքով՝ նույնը վերաբերում է նաև Վրաստանի տարածքային հակամարտությանը:
Հուլիսի 1-ին Շտայնմայերը Թբիլիսիում կմասնակցի ԵԱՀԿ-ի խորհրդարանական ասամբլեայի ամենամյա նիստի բացման արարողությանը: Այդկերպ Շտայնմայերը իր ներդրումը կունենա ԵԱՀԿ-ում խորհրդարանական համակարգի դերի ուժեղացմանը: