«Ադրբեջանական կողմն ընդհանրապես չի հետաքրքրվում իր անհայտ կորածներով». Ռիմա Առաքելյան
Արցախյան պատերազմի ընթացքում անհայտ կորած հայ ազատամարտիկները մոտ 200-ն են: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների խորհուրդ» ՀԿ նախագահ, արդեն 24 տարի անհայտ կորած ազատամարտիկ Շահեն Առաքելյանի մայր Ռիմա Առաքելյանը:
«Կարող եմ ասել, որ խնդիրը ադրբեջանական կողմի շփման բացակայությունն է մեզ հետ: Ոչ մի կերպ հնարավոր չէ կազմակերպել հադիպում: Եթե Ադրբեջանում չլինի Կարմիր խաչի գրասենյակը, մենք ընդհանրապես ոչինչ չենք ունենա»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովն ունի գերիների փնտրման աշխատանքներով զբաղվող մասնագիտացված աշխատանքային խումբ, որը աշխատանքներում կա առաջընթաց:
«Արդյունքների մասին դեռ ռեալ որեւէ բան ասել չեմ կարող: Որոշակի ճշտումներ են իրականացվում, սակայն հավաստիացնում եմ՝ աշխատանքներն առաջ են գնում: Պարզապես այդ ճշտումներն էլ են բավականին բարդ, ադրբեջանական կողմը ընդհանրապես մոտ չի գալիս աշխատանքին, նրանց ընդհանրապես չեն հետաքրքրում իրենց անհայտ կորածները: Իսկ մենք դեռ հույսներս չենք կորցնում»,- ասաց նա:
Հայաստանում հունիսի 29-ը նշվում է որպես հայրենիքի համար նահատակվածների և անհայտ կորածների հիշատակի օր: