Պուտինը մանրամասներ է ներկայացրել իր և Էրդողանի հեռախոսազրույցից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 29-ին կառավարության անդամների հետ կայացած խորհրդակցությունում ամփոփել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հեռախոսազրույցի արդյունքները եւ հայտնել, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների նորմալացման գործընթաց է սկսվում, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությանը:

«Թուրքիայի նախագահի՝ մեզ հասցեագրված նամակից հետո որոշում է ընդունվել թուրք գործընկերների հետ հարաբերությունների նորմալացման գործընթաց սկսել»,- ասել Էէ Պուտինը: «Եվ զրույցի սկզբում ես, իհարկե, ցավակցություն հայտնեցի երկրի նախագահին, թուրք ժողովրդին Ստամբուլում կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ»,- ասել է Պուտինը:

«Անդրադառնալով մեր երկկողմ հարաբերություններին՝ կցանկանայի սկսել զբոսաշրջության հարցերից, թեպետեւ այն հնչում է ահաբեկչական տարրերի ակտիվանալու ֆոնին… Այդուամենայնիվ, մենք հանում ենք վարչական սահմանափակումներն այդ ոլորտում»,- ասել է Պուտինը:

«Եվ խնդրում եմ ՌԴ կառավարությանը՝ Թուրքիայի հետ առեւտրատնտեսական կապերի նորմալացման գործընթաց սկսել»,- հավելել է ՌԴ նախագահը:

«Դմիտրի Անատոլեւիչ, խնդրում եմ ձեզ այդ կապակցությամբ առաջարկություններ պատրաստել նորմատիվային-իրավական բազայի փոփոխման վերաբերյալ»,- դիմելով Մեդվեդևին՝ ասել է Պուտինը:

Ինչպես հայտնել է ՌԴ նախագահը, Էրդողանն իրեն հավաստիացրել է, որ «Թուրքիայի ղեկավարությունն իրենից կախված ամեն ինչ կանի, որպեսզի ապահովի մեր քաղաքացիների անվտանգությունը Թուրքիայի Հանրապետության տարածքում»:

Պուտինը եւ Էրդողանն ընդգծել են ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը:

Պուտինը հույս է հայտնել, որ Թուրքիայի քաղաքացու նկատմամբ դատաքննությունը, որը մեղադրվում էռուս օդաչուին սպանելու մեջ, անկողմնակալ կլինի:

Պուտինը եւ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են քննարկել մոտ ժամանակներում անձնական հանդիպում անցկացնելու հնարավորությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկու երկրների արտաքին գործերի նախարարներն այս տարվա հուլիսի 1-ին հանդիպում կունենան Սոչիում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում:

«Այդ հանդիպմանը կքննարկվեն ինչպես տարածաշրջանի իրադրությունը՝ սիրիական կարգավորման շեշտադրմամբ, այնպես էլ ռուս-թուրքական կապերի հետագա զարգացման հարցերը»,- ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս