ԼՂ հակամարտությունը էսկալացիայի պոտենցիալ ունի. Շտայնմայեր
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր մեկնարկում է Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի եռօրյա այցը Հարավային Կովկաս:
Հայտնի է, որ Շտայնմայերն առաջինը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան:
Ուղևորությունը, ինչպես հայտնում է Գերմանիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը, անցկացվելու է ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության շրջանակում և կոչված է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելուն:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ունի էսկալացիայի պոտենցիալ: ԵԱՀԿ-ում գերմանական նախագահության տարում մենք պատասխանատվություն ենք կրում հնարավորության սահմաններում այդ վտանգը մարելու համար՝ հրադադարի, վստահության կառուցմանն ուղղված միջոցների ու բանակցություններն արագ սկսելու միջոցով»,- հայտարարել է Շտայնմայերը Բեռլինում՝ տարածաշրջան այցից առաջ:
Նրա խոսքով՝ նույնը վերաբերում է նաև Վրաստանի տարածքային հակամարտությանը:
Հուլիսի 1-ին Շտայնմայերը Թբիլիսիում կմասնակցի ԵԱՀԿ-ի խորհրդարանական ասամբլեայի ամենամյա նիստի բացման արարողությանը: Այդկերպ Շտայնմայերը իր ներդրումը կունենա ԵԱՀԿ-ում խորհրդարանական համակարգի դերի ուժեղացմանը:
Ադրբեջան այցը նախատեսված է հունիսի 30-ին: