ՀՀ ԱԳՆ-ն Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակի մասին

Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության տվյալների՝ Վերին Լարսի անցակետում գտնվում է 102 բեռնատար մեքենա, 40 մարդատար ավտոմեքենա և 2-3 ավտոբուս, ընդհանուր առմամբ՝ մոտ 345 մարդ, որոնց մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են:

Իրականացված հրատապ միջոցառումների արդյունքում Վերին Լարսի անցակետում հայտնված քաղաքացիներն ապահովվել են սննդով, վրաններով և այլ անհրաժեշտ պարագաներով: Շարունակական աջակցություն է ցուցաբերվում նաև տեղի հայ համայնքային կառույցների կողմից:

Հայտնում ենք նաև, որ հունիսի 29-ին ՌԴ ԱԻՆ հետ համագործակցությամբ սկսվելու են Վերին Լարս անցակետում հայտնված անձանց տարհանման աշխատանքները:
Նշենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը և Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ են ՀՀ և ՌԴ ԱԻՆ համապատասխան մարմինների, հայ համայնքային կազմակերպությունների և այլ կառույցների հետ:

Միաժամանակ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին՝ մինչև իրավիճակի ամբողջական կարգավորումը զերծ մնալ Վերին Լարսի անցակետով երթևեկելուց:

Տեսանյութեր

Լրահոս