«Եթե պատգամավորը չի կարդում Սահմանադրությունը և չգիտի դրա ուժի մեջ մտնելու կարգը, սա արդեն խնդիր է». Կորյուն Նահապետյանը՝ Հրանտ Բագրատյանի մասին

Պատգամավոր Հրանտ Բագրատյանի կարծիքով՝ ՀՕՊ պայմանագիրը մոտ 70 տոկոսով համագործակցության մասին է, և հնարավոր է՝ մեծացնում է մեր հնարավորությունները: Այսօր ազգային ժողովում նա հայտարարեց, որ հնարավոր է՝ այն «գործնական կիրառման ընթացքում շուռ գա», որովհետև այսօր հնարավոր է հայ-ռուսական հարաբերությունների վատթարացում:

Նա առաջարկեց այս հարցը դնել հանրաքվեի՝ հղում անելով նոր Սահմանադրության 205 հոդվածին:

ԱԺ Պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի դիտարկմամբ, սակայն, Հ. Բագրատյանը հղում է կատարել Սահմանադրության ուժի մեջ չմտած հոդվածի վրա: «Եթե պատգամավորը չի կարդում Սահմանադրությունը և չգիտի այդ Սահմանադրության՝ ուժի մեջ մտնելու կարգը, սա արդեն խնդիր է: Ընդ որում, այդ հոդվածը նախատեսում է, որ վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցության դեպքում կարող է նշանակվել հանրաքվե: Եվ այսպես շարունակաբար աղավաղել իրավական կարգավորումների էությունը՝ արդեն դարձել է մեր որոշ գործընկերների համար վարքագիծ»,- նշեց Կ. Նահապետյանը:

Տեսանյութեր

Լրահոս