
Հռոմի Պապի օրհնագիրը՝ Գոհար Խաչատուրյանին

arevelk.am. Հայաստանյան եռօրյա այցի ժամանակ Ֆրանցիսկոս Պապի անունից առաքելական օրհնագիր է շնորհվել ԳՈՀԱՐ նվագախմբի և երգչախմբի հիմնադիր Գոհար Խաչատուրյանին: Գյումրիի Վարդանանց հրապարակում Հռոմի Պապի մատուցած պատարագի ընթացքում, ինչպես նաև Գյումրիի կաթողիկե եկեղեցում ԳՈՀԱՐ երգչախմբի հոգևոր երգերի կատարումները հիացրել են Հռոմի Պապին:
Հռոմի Պապը գնահատել է 1996 թվականից Գյումրիում գործունեություն իրականացնող լիբանանահայ Գոհար Խաչատուրյանի և նրա ընտանիքի աշխատանքը:
Նրանց հովանավորությամբ աշխատանքի պայմաններ են ստեղծվել հազարավոր գյումրեցիների համար: 1997 թվականին նրա որդիներ Հարութ, Շահե և Նար Խաչատրյանները Գյումրու կենտրոնում կառուցել և 1999 թվականին ավարտին են հասցրել համալիրի կառուցումը, որտեղ բնակություն են հաստատել երկրաշարժից անօթևան մնացածները։
Նրանք հիմնել են նաև Գյումրիի «Գոհար» երաժշտանոցը, որտեղ անվճար սովորելու հնարավորություն է տրվել աշակերտներին, ինչպես նաև նրանց տրամադրվել են անվճար երաժշտական գործիքներ: 2000 թվականին Խաչատուրյանները հիմնել են հայկական ամենամեծ երաժշտական խումբը՝ ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը, որը համերգներով հանդես է եկել աշխարհի մի շարք երկրներում՝ համերգներից ստացված հասույթն ուղղելով բարեգործական նպատակների։
Գոհար Խաչատուրեանն արժանացել է նաև այս տարվա «Գյումրու տարվա երախտավոր» տիտղոսին, որն ամեն տարի շնորհվում է «Գյումրու տարվա մարդ» հանձնաժողովի կողմից։