Բաժիններ՝

«Դժվար է ասել, թե ինչ ընթացք կունենային հետագա մարտական գործողությունները, եթե չլինեին մեր հերոս ընկերների կամքը»

Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ «Եռաբլուր» պանթեոնում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամները, անհայտ կորած ազատամարտիկների ծնողներն ու հարազատները, մարտական ընկերներն ու ՀԿ-ների ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին` ծաղկե պսակ դնելով «Արաբո» կամավորական ջոկատի անհայտ կորած ազատամարտիկների հուշաքարի մոտ:

«Տարիներ առաջ` այս օրը, հակառակորդի խելագար հարձակումը կանգնեցնելիս Մարտակերտի ճակատում Արաբո, Զեյթուն եւ Արմավիր կամավորական ջոկատների եւ Մարտակերտի պաշտպանական շրջանի մարտիկները, մնալով շրջափակման մեջ, կռվեցին մինչեւ վերջ` գրելով արցախյան ազատամարտի ամենահերոսական եւ ողբերգական էջերից մեկը: Դժվար է ասել, թե ինչ ընթացք կունենային հետագա մարտական գործողությունները, եթե չլինեին մեր հերոս ընկերների կամքը, հավատն արդարության ու հաղթանակի նկատմամբ եւ թշնամուն ամեն գնով կանգնեցնելու անկոտրում վճռականությունը: Անհայտ կորած մարտիկները յուրաքանչյուր պատերազմի անխուսափելի ուղեկիցներն ու չսպիացող վերքերն են»,- ասաց Սեյրան Օհանյանը:

«Անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների խորհուրդ» ՀԿ նախագահ Ռիմա Առաքելյանի խոսքով` արցախյան ազատամարտի քաջերն են թողել հենց այն սերունդը, որը պատրաստ է արյան գնով պաշտպանել հայրենիքի սահմանները:

«Որպես ժառանգություն նրանք թողեցին ոչ միայն ազատագրված հայրենիք, այլեւ ազատատենչ մի սերունդ, որը հայրենիքը արյունով պաշտպանելու չափ հայրենասեր է: Այս սերնդի ընտրյալներն ապրիլյան պատերազմում իրենց ավագ ընկերների ընկած վայրերում ջախջախեցին հակառակորդի հատուկ ջոկատայիններին` թշնամուն եւ աշխարհին պարտադրելով մեր հայրենիքում ապրելու մեր արդարացի իրավունքը»,- ասաց ՀԿ-ի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս