«Արթիկում տեղի ունեցած բնական աղետի ուժը մեծացել է, որովհետև հեղեղատարը փակ է եղել թափոններով»

Հունիսի 24-ին Շիրակի մարզի Արթիկ քաղաքում սելավատարերի խցանման հետևանքով ջրալցվել են քաղաքի գլխավոր փողոցները: Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ջրալցված հատվածներում ջրի մակարդակը հասել է մոտ 40 սմ-ի: Հեղեղը մեծ վնասներ է պատճառել բնակչությանը՝ տակնուվրա անելով տները, գոմերը, ինչի հետևանքով սատկել են մեծ թվով խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր, տնային կենդանիներ: Ջրում եղած քարերը վնասել են մարդկանց ավտոմեքենաները: Ջրալցվել է նաև Արթիկի թիվ 2 մանկապարտեզը, որտեղից փրկարարները դուրս են բերել թվով 70 երեխայի և 23 աշխատակցի:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով մեկնել էր Արթիկ, տեղում ծանոթացել իրավիճակին, որից հետո նա խորհրդակցություն էր անցկացրել մարզում: Վարչապետը հանձնարարել էր սկսել վնասներ կրած արթիկցիների փոխհատուցման գործընթացը և անհրաժեշտ ուժեր ներգրավել՝ հեղեղի պատճառած հետևանքները վերացնելու աշխատանքներն ավարտին հասցնելու համար: Խորհրդակցության արդյունքում որոշվել է աշխատանքներն իրականացնել երկու փուլով: Առաջին փուլում պետք է գումար հատկացվի հրատապ լուծում պահանջող խնդիրների վերացման համար, այդ թվում՝ քաղաքացիների կրած վնասների փոխհատուցման, ինչպես նաև՝ բնակելի տներին հարակից հեղեղատարի վնասված հատվածների վերանորոգման համար: Երկրորդ փուլում նախատեսվում է հեղեղատարի ամբողջական ուսումնասիրություն, և ըստ անհրաժեշտության՝ համապատասխան աշխատանքների իրականացում:

Shiraki marz9 Shiraki marz10 Shiraki marz5 Shiraki marz8 Shiraki marz1

168.am-ի հետ զրույցում Գյումրու Օրհուս կենտրոնի ղեկավար Գևորգ Պետրոսյանը նշեց՝ Արթիկում տեղի ունեցած բնական աղետի ուժը մեծացել է, քանի որ հեղեղատարը փակ է եղել թափոններով:

Կարդացեք նաև

«Արթիկում երկու հիմնական ձոր կա, որոնք ծառայել են՝ որպես հեղեղատար: Սկսած խորհրդային տարիներից՝ այդ երկու ձորերի վերևում զբաղվել են հանքարդյունաբերությամբ, որի արդյունքում առաջացած թափոնները (տուֆի արտադրության) լցվել են այդ ձորերը: Տարիներ շարունակ լցվել-լցվել են, հեղեղատարները փակել, դրա արդյունքում՝ վերևից եկած հեղեղաջրերն ամբողջությամբ լվացել են այդ ձորերը ու ամբողջ թափոնները բերել-լցրել են քաղաքի փողոցները: Քաղաքի մոտ 10 տոկոսը հեղեղվել է, փողոցները լցվել են տուֆի արդյունահանման արդյունքում առաջացած թափոններով (որոնց ծավալը մի քանի հազար խորանարդ մետր է եղել), որը մաքրելու համար մեծ տեխնիկաներ են պետք, ինչը չկա»,- պարզաբանեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով՝ եթե ձորերը փակ չլինեին, սելավատարը մաքուր լիներ, այդ ջրերն աստիճանաբար կհեռանային, չէին կուտակվի ու նման խնդիր չէին առաջացնի:

Նրա դիտարկմամբ՝ քաղաքին այդքան մեծ վնաս հասցրել է ոչ թե ջուրը, այլ ջրի հետ քաղաքի տարածք հասած հազարավոր խորանարդ մետրերով տուֆի կտորտանքը. «Որպես հեղեղատար ծառայող բնական ձորի շուրջ մարդիկ բնակավայրեր են կառուցել, իհարկե, ցանկալի կլիներ, եթե այդտեղ բնակավայրեր չլինեին, բայց միայն հեղեղատարի մոտ եղած հատվածները չեն վնասվել. տուֆի մնացորդներով ջուրը հասել է նաև քաղաք: Հեղեղն այնքան հզոր է եղել, որ նույնիսկ կենդանիներն են սատկել»:

Գ. Պետրոսյանի խոսքով՝ նման աղետներով զբաղվում է ԱԻՆ-ը, իսկ թափոններով, ըստ նրա՝  պետք է զբաղվեր, վերահսկեր Բնապահպանության նախարարությունը. «Բայց կրկնում եմ՝ սովետական տարիներից է ձորը լցվել թափոններով, այնպես չէ, որ ներկայիս շահագործողների մեղքով է միայն»:

Նման աղետի կրկնության հնարավորությունը Օրհուս կենտրոնի ղեկավար Գևորգ Պետրոսյանը չի բացառում: Ըստ նրա՝ քանի այդ ձորերն ամբողջությամբ չեն մաքրվել թափոններից, կրկնվելու ռիսկերը մեծ են. «Եթե այդ թափոնների քանակը քիչ լինի, չփակվի ձորը, որպեսզի ջուրը չկուտակվի, հետո միանգամից լվա-բերի, այդ պայմաններում ավելի քիչ կլինեն ռիսկերը: Հիմա պետք է այս ձորերն ամբողջությամբ մաքրել, որպեսզի այդ հեղեղատարն իսկապես որպես հեղեղատար ծառայի, ոչ թե ջրերը գան, հսկայական քանակությամբ կուտակվեն, ու, այսպես ասած, պլատինան չդիմանա, միանգամից փլվի, ու ջուրը գա լցվի Արթիկի փողոցները»:

Աղետից տուժածներին օգնելու համար Արթիկի քաղաքապետարանը հանդես է եկել նախաձեռնությամբ, որով առաջարկում է կատարել դրամական աջակցություն «Արթիկի զարգացման հիմնադրամի» բանկային հաշվեհամարներին`
220353350089000 AMD
220353350014001 USD
220353350014958 RUR
կամ` առցանց եղանակով (on-line) հիմնադրամի www.fda.am կայքում:

Գևորգ Պետրոսյանի լուսանկարը՝ hetq.am-ի

Տեսանյութեր

Լրահոս