«ԵՄ վերջին գագաթաժողովն անցել է տխրության և ափսոսանքի մթնոլորտում». Քեմերոն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը նախազգուշացրել է, որ այն օգուտի համար, որը մտադիր է ստանալ Բրիտանիան, նոր հարաբերություններ կառուցելով Եվրամիության հետ, պետք է վճարի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նա պատմել է, որ Բրյուսելում իր մասնակցությամբ ԵՄ վերջին գագաթաժողովն անցել է «տխրության և ափսոսանքի մթնոլորտում», սակայն եվրոպական երկրները հարգանքով են վերաբերվել երկրի՝ ԵՄ-ից դուրս գալու որոշմանը:
Նրա խոսքով՝ բրիտանական հանրաքվեի արդյունքները ցույց են տվել, որ Եվրամիությանն անհրաժեշտ է մշակել ինքնիշխանության և միության ներսում տեղաշարժի վերահսկողության հարցերը:
Այսօր արդեն ԵՄ 27 անդամ երկրների ղեկավարները Բրյուսելում կհանդիպեն առանց Քեմերոնի: Սպասվում է, որ նրանք ոչ պաշտոնական բանակցություններ կվարեն Brexit-ի հետևանքների վերացման հարցով:
Երեկ ԵՄ ղեկավարությունը պահանջել էր Լոնդոնից անհապաղ շարադրել կազմակերպությունից դուրս գալու վերաբերյալ պլանները:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ շանս չի տեսնում փոխել ԵՄ-ից դուրս գալու Լոնդոնի որոշումը: