
Թուրքիայի իշխանությունները հայտնել են «Սու-24»-ի օդաչուի ընտանիքին փոխհատուցում տրամադրելու պայմանը

Թուրքական իշխանությունները հնարավոր են համարում փոխհատուցում վճարել ռուսական «Սու-24»-ի սպանված օդաչու Օլեգ Պեշկովի ընտանիքին, հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալընը:
«Եթե հարցում ստացվի զոհված օդաչուի ընտանիքից, այդ հարցը կարող է քննարկվել»,- Կալընի խոսքերը մեջբերում է Hurriyet-ը:
Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե Պուտինը Էրդողանից ստացել է ներողություն պարունակող ուղերձ, որտեղ նա իր ցավակցություններն է հայտնել «Սու-24»-ի զոհված օդաչուի հարազատներին:
Ուղերձում մասնավորապես ասվում է, որ Ռուսաստանը Թուրքիայի բարեկամն է և ռազմավարական գործընկերը, որի հետ թուրքական իշխանությունները չէին ցանկանա փչացնել հարաբերությունները:
«Մենք երբեք ցանկություն և մտադրություն չենք ունեցել խոցել Ռուսաստանի Դաշնությանը պատկանող ինքնաթիռը»,- գրել է Էրդողանը:
Ավելի ուշ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ իր երկիրը մտադիր չէ Ռուսաստանին փոխհատուցել խոցված ինքնաթիռի արժեքը, այլ ընդամենը ներողություն է խնդրել կատարվածի համար: