Կարինե Աթայանը հանդիպել է Հայ օգնության ֆոնդի ներկայացուցիչների հետ
ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն ընդունել է Հայաստանից ժամանած Հայ օգնության ֆոնդի առողջապահական ծրագրերի ղեկավար, «Հայաստան–Արցախե հիմնադրամի բժշկական մոնիտորինգի պատասխանատու Համբարձում Սիմոնյանին և ՀՕՖ-ի բժշկական շրջանավարտների միության խորհրդի անդամ Գևորգ Յաղջյանին:
ԼՂՀ առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Համբարձում Սիմոնյանը նախարարին է ներկայացրել սկսած 2011 թվականից «Ամերիկահայ առողջապահության մասնագետների կազմակերպության» և Հայ օգնության ֆոնդի կողմից Արցախի բժիշկների համար իրականացվող «Շարունակական բժշկական կրթություն» վերապատրաստման ծրագրի, «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից հումանիտար կարգով ստացվող բժշկական սարքավորումների, պարագաների ու դեղորայքի վերաբերյալ տեղեկություն:
Գևորգ Յաղջյանը ներկայացրել է, որ սկսած 2014 թվականից Արցախի բուժաշխատողները մասնակցել են Հայաստան Համահայկական Հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «Հայաստանում հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակներում կազմակերպված սեմինարներին, կոնֆերանսներին, որոնց ընթացքում կատարվել են մտքերի և կարծիքների փոխանակում, հաստատվել են մասնագիտական կապեր:
Կ. Աթայանի հետ քննարկվել են նաև Արցախում կոնֆերանսների, հեռաբժշկության զարգացման հեռանկարները, ինչպես նաև արտերկրի մեր հայրենակից բժիշկների կողմից բժշակական առաքելությունների կազմակերպման հնարավորությունները: Հանդիպման ավարտին Կարինե Աթայանը շնորհակալություն է հայտնել հյուրերին երկարամյա արդյունավետ համագործակցության համար և հույս հայտնել, որ այն կրելու է մշտական բնույթ: