«Առաջիկա 15 տարում աշխարհում բուժելի հիվանդություններից կարող է մահանալ 69 մլն երեխա». ՅՈՒՆԻՍԵՖ

Առաջիկա 15 տարվա ընթացքում աշխարհում մինչեւ հինգ տարեկան 69 մլն երեխա կարող է մահանալ բուժելի վարակներից ու հիվանդություններից, որոնք կարելի է կանխել: Այս մասին են վկայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին զեկույցի տվյալները:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի տվյալների համաձայն, նաեւ մինչեւ 2030 թվականը կամուսնացնեն շուրջ 750 մլն դեռահաս աղջիկների, իսկ 167 մլն երեխաներ կապրեն աղքատության մեջ: Որպես հիմք վերցվել է մինչեւ 2030 թվականն ընկած ժամանակահատվածը. հենց այդ ժամանակաշրջանի համար է նախատեսված Կայուն զարգացման ընդունված նպատակների գծով աշխատանքը, որոնց առաջին խնդիրը համարվում է չքավորության վերացումը:

Զեկույցի հեղինակներն առավել խնդրահարույց տարածաշրջան են ճանաչել Սահարայից հարավ ընկած աֆրիկյան երկրները. այդ տարածաշրջանին բաժին կընկնի վերը նշված 69 միլիոն երեխաների մահերի գրեթե կեսը:

Ներկայում նշված տարածաշրջանում 247 մլն երեխաներ, այսինքն՝ յուրաքանչյուր երեքից երկուսն ապրում են աղքատության պայմաններում եւ զրկված են զարգացման հնարավորություններից: Իսկ 20-ից 24 տարեկան մարդկանց 60 տոկոսը թերի տարրական կրթություն ունի:

Զեկույցում նշվում է, որ 1990-ական թվականներից մինչեւ 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը կրճատվել է կրկնակի անգամ, կրճատվել է նաև ծայրահեղ չքավորության մեջ ապրող մարդկանց թվաքանակը: 129 երկրներում տղաներն ու աղջիկները դպրոց են հաճախում հավասար հիմունքներով, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Տեսանյութեր

Լրահոս