
«Բերման ենթարկվածները Ոստիկանության Նոր նորքի բաժնում են». Վարուժան Ավետիսյան

Քիչ առաջ «Պայքար Ազատության» ֆեյսբուքյան էջը տեղեկացրել էր, որ Հիմնադիր խորհրդարանի գրասենյակի մոտից «առևանգել են Վահրամ Պետրոսյանին, Փայլակ Թևանյանին, Արամ Մանուկյանին, Գագիկ Եղիազարյանին, Տիգրան Մանուկյանին, Ռազմիկ Մանուկյանին»:
168.am-ը կապ հաստատեց Հիմնադիր խորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանի հետ, ով նշեց, որ բերման ենթարկվածները Ոստիկանության Նոր նորքի բաժնում են. «Ասել են՝ անձը պարզելու նպատակով ենք բերման ենթարկում, դա անհեթեթություն է: Այս պահին քաղաքացիական հագուստով ոստիկանները պտտվում են Հիմնադիր խորհրդարանի գրասենյակի շրջակայքում, ու համապատասխանաբար բերման են ենթարկելու ներսուդուրս անողներին»:
Նրա խոսքով՝ բերման ենթարկվածները ակտիվ երիտասարդներ էին, որոնց մի մասը համակիր են Հիմնադիիր խորհրդարանին. «Դա իրենց համար մի տեղ է եղել, որտեղ եկել են պաստառները պատրաստելու կամ դնելու այդտեղ, մանրամասներին տեղյակ չեմ: Ինչպես լուսանկարներից հասկացա՝ գրասենյակի առաջին հարկի հատակն էր»:
Հիշեցնենք, որ մի խումբ անձինք նախատեսում են այսօր ժամը 18:00-ին, Հռոմի պապի մասնակությամբ կայանալիք էկումենիկ արարողության ժամանակ Հանրապետության հրապարակում ֆլեշմոբ կազմակերպել՝ «Ազատություն Հայաստանի քաղաքական բանտարկյալներին» խորագրով: Իրադարձության անցկացման մասին ֆեյսբուքյան էջում նշվում է. «Ֆլեշմոբը քաղաքացիական անհնազանդության հզոր գործիք լինելով՝ Հռոմի պապին և միջազգային հանրությանը՝ Հայաստանում քաղաքական բանտարկյալներին ազատելու պահանջով հաղորդագրություն փոխանցելու վիրտուալ ձև է, և այսպիսով, լրացուցիչ ճնշման լծակ ռեժիմի վրա քաղբանտարկյալներին ազատելու համար»:
Վարուժան Ավետիսյանի խոսքով՝ հենց ակցիան տապալելու նպատակով են տղաներին բերման ենթարկել, թեև ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ակցիայի կազմակերպման հետ Հիմնադիր խորհրդարանը կապ չունի: