Բաժիններ՝

«Հիմնադիր խորհրդարանը կապ չունի այսօրվա ֆլեշմոբի հետ». Վարուժան Ավետիսյան

Հիմնադիր խորհրդարանը որևէ կապ չունի այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում կազմակերպվող ֆլեշմոբի հետ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Հիմնադիր խորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը.

«Ես տեղյակ չեմ, ես ֆլեշմոբի կազմակերպիչ կամ մասնակից չեմ: Այնքանով եմ տեղյակ, որ ինտերնետում կար, ես էլ եմ տարածել: Հիմնադիր խորհրդարանը ֆլեշմոբ չի կազմակերպել: Ինչքան հասկացա՝ դա քաղաքացիական նախաձեռնություն է, որ կոչ է անում մարդկանց՝ ովքեր ուզում են՝ մասնակցեն»:

Հարցին՝ Հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչներից մասնակցողներ կլինե՞ն ֆլեշմոբին, Վ. Ավետիսյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, տեղյակ չեմ: Այսինքն՝ այդ հարցով չենք զբաղվել. ոչ հատուկ հրահանգներ ենք տվել, ոչ կազմակերպել ենք: Կարող է՝ մեր աջակիցներից մարդիկ լինեն, որ մասնակցեն, ազատ քաղաքացի են, չեմ կարող ասել»:

Այսօր ժամը 18:00-ին Հռոմի պապի հետ հանդիպման ժամանակ տեղի է ունենալու ֆլեշմոբ՝ «Ազատություն Հայաստանի քաղաքական բանտարկյալներին» խորագրով: Իրադարձության անցկացման մասին ֆեյսբուքյան էջում նշվում է. «Ֆլեշմոբը քաղաքացիական անհնազանդության հզոր գործիք լինելով՝ Հռոմի պապին և միջազգային հանրությանը՝ Հայաստանում քաղաքական բանտարկյալներին ազատելու պահանջով հաղորդագրություն փոխանցելու վիրտուալ ձև է, և այսպիսով, լրացուցիչ ճնշման լծակ ռեժիմի վրա քաղբանտարկյալներին ազատելու համար»:

Կարդացեք նաև

Ֆլեշմոբի կազմակերպիչները նաև նշել են մասնակցության ձևը: Մասնավորապես՝

«1. Ձեզ հետ հրապարակ՝ շորի տակ կամ այլ թաքցված վիճակում, բերում եք «FREE POLITICAL PRISONERS IN ARMENIA» տեքստով թղթե կամ կտորից պլակատ, որը բոլոր մասնակիցները միաժամանակ բարձրացնելու են հրապարակում Հռոմի Պապի հետ հանդիպման ժամանակ…

2. Ցանկալի, բայց ոչ պարտադիր է, որ պլակատ բռնած մասնակիցը նստած լինի ընկերոջ ուսերին, որպեսզի ավելի լավ երևա պլակատը և նաև նախընտրելի է, որ ուսերին նստածը լինի աղջիկ

3. Ցանկալի է, որ նաև լինի երրորդ մասնակիցը, որը քիչ հեռվից պետք է լուսանկարահանի կամ տեսանկարահանի ֆլեշմոբը և տեղադրի համացանցում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս