
Հիմնադիր խորհրդարանի գրասենյակի մոտից առևանգել են մի խումբ ակտիվիստների

«Հենց նոր Հիմնադիր խորհրդարանի գրասենյակի մոտից առևանգեցին Վահրամ Պետրոսյանին, Փայլակ Թևանյանին, Արամ Մանուկյանին, Գագիկ Եղիազարյանին, Տիգրան Մանուկյանին, Ռազմիկ Մանուկյանին… Նրանցից մի քանիսին հարվածներ են հասցրել».- այս մասին տեղեկանում ենք «Պայքար Ազատության» ֆեյսբուքյան էջից, որտեղ տեղադրվել են նաև այս լուսանկարները:
Հիշեցնենք, որ մի խումբ անձինք նախատեսում են այսօր ժամը 18:00-ին, Հռոմի պապի մասնակությամբ կայանալիք էկումենիկ արարողության ժամանակ Հանրապետության հրապարակում ֆլեշմոբ կազմակերպել՝ «Ազատություն Հայաստանի քաղաքական բանտարկյալներին» խորագրով: Իրադարձության անցկացման մասին ֆեյսբուքյան էջում նշվում է. «Ֆլեշմոբը քաղաքացիական անհնազանդության հզոր գործիք լինելով՝ Հռոմի պապին և միջազգային հանրությանը՝ Հայաստանում քաղաքական բանտարկյալներին ազատելու պահանջով հաղորդագրություն փոխանցելու վիրտուալ ձև է, և այսպիսով, լրացուցիչ ճնշման լծակ ռեժիմի վրա քաղբանտարկյալներին ազատելու համար»:
Հիմնադիր խորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ Հիմնադիր խորհրդարանը որևէ կապ չունի այսօր կազմակերպվող ֆլեշմոբի հետ:
«Ես տեղյակ չեմ, ես ֆլեշմոբի կազմակերպիչ կամ մասնակից չեմ: Այնքանով եմ տեղյակ, որ ինտերնետում կար, ես էլ եմ տարածել: Հիմնադիր խորհրդարանը ֆլեշմոբ չի կազմակերպել: Ինչքան հասկացա՝ դա քաղաքացիական նախաձեռնություն է, որ կոչ է անում մարդկանց՝ ովքեր ուզում են՝ մասնակցեն»,- ասել էր նա: