Yandex.Taxi-ն հերքում է ggTaxi-ի համար 4 մլն դոլար առաջարկելու տեղեկությունը
ggTaxi ընկերության համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանը կիրակի օրը «Բարքեմփ 2016» չկոնֆերանսի ընթացքում անդրադարձել էր Yandex.Taxi ընկերության գործելաոճին և նշել, որ «այս միջոցառմանը էդ ձևի մրցակից ընկերությանը, որը իրեն լկտի է պահում, գովազդելը մեր ռեսուրսներով՝ կարող է դավաճանություն լինել»:
Խ. Գրիգորյանը իրենց ընկերության արժեքը գնահատել էր այս 5 մլն դոլար՝ հիմնվելով այն հանգամանքի վրա, որ 2 ամիս առաջ իրենց ընկերության համար առաջարկել են 4 մլն դոլար, և դրանից հետո 2 ամիսների ընթացքում ընկերությունը 25%-ով աճել է։ ggTaxi-ի հիմնադիրը կոնկրետ անուն չէր նշել, սակայն բավականին թափանցիկ ակնարկել էր, որ առաջարկողները եղել են հենց Yandex.Taxi-ի ներկայացուցիչները։
«Ընդամենը 2 ամիս առաջ մեզ մոտ հյուր եկան 2 հոգի, որոնցից մեկը հայ էր, մյուսը չես հասկանա՝ ինչ էր՝ կիսաուկրաինացի էր, երեկ նա այստեղ ելույթ էր ունենում: Իրեն հրավիրել էին, և ես դա դավաճանություն եմ համարում, այո՛, ես ուզում եմ դա նշել, որովհետև հայ ազգի խնդիրը միշտ եղել է այն, որ նա միասնական կյանքում չի եղել: Բայց այդ բանը պետք է մի օր վերջանա, ու մենք պետք է բառերն իրենց անուններով նշենք: Այդ մարդիկ եկել էին մեր գրասենյակ և առաջարկում էին 4 միլիոն դոլար մեր ընկերության համար։ Ու վախեցնում էին նրանով, որ երբ որ նրանք կգան մեր քաղաք, կտևի ընդամենը 5-6 ամիս, երբ որ նրանք կհասնեն մեր թվերին: Դա անգրագետ մոտեցում է, և դրանք իրենց անգրագետ մոտեցումը շարունակելու են, բայց ես դրա մասին չէ, որ այսօր ուզում եմ խոսել: Այսինքն՝ այդ 4 միլիոնի գնահատականը իմ հորինածը չէ, նրանց առաջարկն էր այդ պահին: Այդ պահից անցել է 2 ամիս մենք աճել ենք մոտ 25-30 տոկոսով»,- ասել էր Խ. Գրիգորյանը։
B4B.am-ը գրավոր հարցում է ուղղել Yandex.Taxi ընկերության մարքեթինգի գծով ղեկավար Դանիիլ Շուլեյկոյին՝ ճի՞շտ է արդյոք, որ իրենք 4 մլն դոլար են առաջարկել «ggTaxi» ընկերության համար։ Շուլեյկոն, ով էլ հենց ներկայացնում էր իրենց ծառայությունը նույն «Բարքեմփ 2016»-ի ընթացքում, պատասխանել է.
«Մենք իրոք հանդիպել ենք և քննարկել Яндекс.Такси-ի՝ Երևան գալու հնարավոր սցենարները։ Սակայն բանը չի հասել հնարավոր գործարքի կառուցվածքին և առավելևս՝ գնահատականին» (“Мы действительно встречались и обсуждали возможные сценарии прихода Яндекс.Такси в Ереван. Но до структуры возможной сделки и тем более оценки мы не дошли”):
Ավելացնենք, որ մենք պատրաստ ենք ներկայացնել նաև «ggTaxi» ընկերության փաստարկները այս հարցով։
Կարդացեք նաև՝ Տաքսի-տաքսի. Դեպի «մինիմալ» շահույթ