Ժնևում կայացել է Հայաստանի ստանձնած մաքսատուրքերի գծով վերաբանակցությունների երկրորդ փուլը
Հունիսի 21-ից 23-ը Ժնևում կայացել է Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցությամբ պայմանավորված Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) Հայաստանի Հանրապետության մաքսատուրքերի սահմանային դրույքաչափերի պարտավորությունների փոփոխությունների շրջանակում ընթացող բանակցային գործընթացի երկրորդ փուլը:
Հայաստանի բանակցային խումբը ղեկավարում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Բանակցային խմբի կազմում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ԵՄ և ԱՀԿ վարչության պետ Արթուր Մայսուրյանը և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանը: Բանակցային պատվիրակության կազմում ընդգրկված էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների ներկայացուցիչները: Բանակցություններին մասնակցել է նաև Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Տիգրան Դավթյանը:
Կայացել են հանդիպումներ ԱՀԿ յոթ անդամ երկրների պատվիրակությունների հետ` ԵՄ, Կանադա, Թայվան, Շվեյցարիա, Բրազիլիա, Ճապոնիա, Ուկրաինա: Քննարկվել և բանակցվել են վերը նշված ԱՀԿ անդամ երկրների կողմից ներկայացված բանակցային հայտերի շրջանակում բարձրացված հարցերը, համապատասխան բանակցային ապրանքների ցանկերը, հնարավոր համապատասխան փոխհատուցումներին առնչվող առաջարկությունները և դրույթները, ինչպես նաև բանակցային գործընթացին առնչվող որոշ բովանդակային հարցեր:
Բանակցային փուլի արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա քայլերի և ապագա հնարավոր հանդիպումների ժամկետների վերաբերյալ: