Բաժիններ՝

Զախարովան բացատրել է, թե ինչու է ՌԴ-ն Թուրքիային հրավիրել մասնակցելու ՍԾՏՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) արտգործնախարարների խորհրդի նիստին Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուին հրավիրելը եղել է Ռուսաստանի պարտականությունը՝ որպես կազմակերպիչ: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կազմակերպված ճեպազրույցի ժամանակ:

«ՍԾՏՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին հրավիրվել են բոլոր պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, որոնք մասնակցում են կազմակերպության աշխատանքներին, անդամ երկրներն ու դիտորդները: Կարող եմ ասել, որ ՍԾՏՀԿ արտգործնախարարների խորհրդի 34-րդ նիստին մասնակցելու համապատասխան հրավեր ուղարկվել է նաև Թուրքիայի ԱԳՆ ղեկավարին: Դա Ռուսաստանի պարտականությունն է՝ որպես նախագահող կողմ: Նման հրավեր փոխանցվել է»,- ասել է Զախարովան:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Վասիլի Նեբենզյան հայտարարել էր, թե Ռուսաստանը հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ Սոչիում երկկողմ բանակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին, եթե նա դրական պատասխան տա Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդակցությանը մասնակցելու հրավերին:

«Մենք հրավիրել ենք բոլոր նախարարներին և սպասում ենք բոլորին, ներառյալ՝ Թուրքիային և Ուկրաինային, սակայն դեռ պատասխան չկա: Կարծում եմ՝ այս շաբաթ, առավելագույնը՝ հաջորդ շաբաթվա սկզբին, ամեն ինչ պարզ կլինի»,- հավելել է Վասիլի Նեբենզյան:

Նա նշել է, որ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակում երկկողմ հանդիպումներ չեն նախատեսվում, քանի որ դա բազմակողմ հարթակ է, սակայն, նրա խոսքով, եթե Չավուշօղլուն ընդունի հրավերը, կարող է հանդիպել ՌԴ արտգործնախարարի հետ:

«Նման հնարավորություն կլինի: Մենք ոչ ոքից չենք փախչում, բոլորի հետ խոսում ենք ու բաց ենք բոլոր տեսակի խոսակցությունների համար»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս