ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը այցելել է Քաղաքացիական պայմանագրի գրասենյակ

Հունիսի 23-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում հյուրընկալվել է ԱՄՆ դեսպանատան պատվիրակությունը՝ դեսպան Ռիչարդ Միլսի գլխավորությամբ՝ վերջինիս նախաձեռնությամբ: «Քաղաքացիական պայմանագիրն» այդ հանդիպմանը ներկայացնում էին Կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, փոխնախագահ Լենա Նազարյանը, վարչության անդամներ, խոսնակ Ալեն Սիմոնյանը և ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Կուսակցության անդամները ներկայացրել են անցած մեկ տարում ՔՊ-ի գործունեության մանրամասները, այն նախագծերը, որոնց ուղղությամբ աշխատում է Կուսակցությունը, առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների և խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագրի» նախապատրաստական աշխատանքները:

Դեսպան Միլսը նույնպես անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին՝ հույս հայտնելով, որ առաջիկա համապետական և ՏԻՄ ընտրությունները կլինեն ազատ և արդար: «Հայաստանը կարող է հպարտանալ քաղաքական դաշտում առկա ձայների արժեքավոր տիրույթով: Հուսով ենք, որ կլինեն ազատ և արդարացի ընտրություններ այս աշնանը և հետո նաև գարնանը: Մենք կշարունակենք աջակցել այն բարեփոխումներին, որոնք ամրապնդում են Հայաստանի ընտրական գործընթացները, ինչպես նաև կգործակցենք կառավարության և քաղաքացիական հասարակության հետ կոռուպցիայի դեմ պայքարում լուծումներ գտնելու հարցում: Միայն այս քայլերի, այսինքն՝ քաղաքական գործընթացների ամրապնդման և խաղի արդարացի ու հավասար պայմանների ապահովման միջոցով է, որ մենք կկարողանանք աշխատել Հայաստանում ամերիկյան ներդրումները մեծացնելու շուրջ», – ասաց դեսպան Միլսը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
23.06.2016թ.

Տեսանյութեր

Լրահոս