Բաժիններ՝

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը բացատրել է գերմանացի քաղաքական գործիչների՝ «Ինջիրլիք» ավիաբազա մուտքն արգելելու պատճառը

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ քաղաքական գործիչների այցերը «Ինջիրլիք» ավիաբազա նպատակահարմար չեն:

«Ինջիրլիք» բազա այցելել ցանկացող զինվորականներն ու տեխնիկական խմբերը կարող են ազատորեն այնտեղ գալ: Սակայն այս պահին նպատակահարմար չենք համարում ոչ ռազմական և քաղաքական գործիչների այցերը «Ինջիրլիք»,- Չավուշօղլուի խոսքերը մեջբերել է Haberturk-ը:

Գերմանական Spiegel ամսագիրը ավելի վաղ հայտնել էր, որ Անկարան չի թույլատրում գերմանական պատվիրակությանը, որը գլխավորում է Գերմանիայի պաշտպանության նախարարի տեղակալը, այցելել «Ինջիրլիք» ավիաբազա, որն օգտագործվում է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի կողմից՝ պայքարելու ԴԱԻՇ-ի դեմ:

Ամսագրի տեղեկություններով, որը հղում է կատարում իր աղբյուրներին, գերմանական պատվիրակության այցը արգելափակվել է հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևի պատճառով:

Հիշեցնենք, որ Գերմանիայի խորհրդարանը հունիսի 2-ին ընդունեց բանաձև, որը 1915թ. հայերի դեմ Օսմանյան Թուրքիայի իրականացրած հանցագործությունները որակում է ցեղասպանություն: Բանաձևը հավանության էր արժանացել պատգամավորների մեծ մասի կողմից, դեմ էր քվեարկել ընդամենը 1 խորհրդարանական, 1 մարդ՝ ձեռնպահ: Բանաձևի հեղինակը ծագումով թուրք գերմանացի պատգամավոր Ջեմ Օզդեմիրն էր:

Բանաձևի ընդունումը բացասական ռեակցիա էր առաջացրել Թուրքիայում: Անկարան միանգամից հետ էր կանչել Գերմանիայում իր դեսպանին, նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Բունդեսթագի որոշումը լուրջ ազդեցություն կունենա երկու երկրների հարաբերությունների վրա, իսկ Թուրքիայի ԱԳՆ-ն որոշումը որակել էր «ամոթալի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս