Բաժիններ՝

Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի պատճառով Թուրքիան գերմանական պատվիրակությանն արգելել է մուտք գործել «Ինջիրլիք» ավիաբազա

Թուրքիան չի թույլատրում գերմանական պատվիրակությանը, որը գլխավորում է Գերմանիայի պաշտպանության նախարարի տեղակալը, այցելել «Ինջիրլիք» ավիաբազա, որն օգտագործվում է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի կողմից՝ պայքարելու ԴԱԻՇ-ի դեմ:

Գերմանական պատվիրակությունը ավիաբազա էր պլանավորել այցելել հուլիսին:
«Թուրքիայի իշխանություններն այս պահին չեն համաձայնեցրել բազա այցելելու պլանները»,- ասել է Գերմանիայի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը՝ նշելով, թե գրավոր մերժում Բեռլինը դեռ չի ստացել:

Գերմանական Spiegel ամսագրի տեղեկություններով, որը հղում է կատարում իր աղբյուրներին, գերմանական պատվիրակության այցը արգելափակվել է հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևի պատճառով:

Հիշեցնենք, որ Գերմանիայի խորհրդարանը հունիսի 2-ին ընդունեց բանաձև, որը 1915թ. հայերի դեմ Օսմանյան Թուրքիայի իրականացրած հանցագործությունները որակում է ցեղասպանություն: Բանաձևը հավանության էր արժանացել պատգամավորների մեծ մասի կողմից, դեմ էր քվեարկել ընդամենը 1 խորհրդարանական, 1 մարդ՝ ձեռնպահ: Բանաձևի հեղինակը ծագումով թուրք գերմանացի պատգամավոր Ջեմ Օզդեմիրն էր:

Բանաձևի ընդունումը բացասական ռեակցիա էր առաջացրել Թուրքիայում: Անկարան միանգամից հետ էր կանչել Գերմանիայում իր դեսպանին, նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Բունդեսթագի որոշումը լուրջ ազդեցություն կունենա երկու երկրների հարաբերությունների վրա, իսկ Թուրքիայի ԱԳՆ-ն որոշումը որակել էր «ամոթալի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս