
Խոցված «Սու-24»-ի փոխհատուցման հարցը չի քննարկվում. Թուրքիա

Անկարայում ներկայում չի քննարկվում ռուսական խոցված «Սու-24» կործանիչի փոխհատուցման հարցը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացուցիչ Իբրահիմ Կալընը թուրքական Haberturk TV հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում է BBC-ն:
«Թուրքիայի իշխանություններն արդեն հայտարարել են, որ ցավում են կատարվածի համար»,- հավելել է Կալընը:
Նրա խոսքով՝ դեռ վաղ է խոսել Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացման մասին:
Կալընը նաև մեկնաբանել է շնորհավորական ուղերձը, որը Էրդողանը ուղարկել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի օրվա կապակցությամբ:
Էրդողանի ներկայացուցչի խոսքով՝ նամակն ուղարկվել է համաձայն միջպետական ավանդույթի:
Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները կտրուկ վատացան այն բանից հետո, երբ Թուրքիայի ռազմաօդային ուժերը 2015թ. նոյեմբերին խոցեցին ռուսական ինքնաթիռը Սիրիայի հետ սահմանագծին: