«Թուրքական քաղաքականությունն իր դեմքը չի փոխել 1915 թվականից». ասված է Նաիրա Զոհրաբյանի՝ ԵԽԽՎ քարտուղարությանը հանձնված ելույթում
«Հարգելի գործընկերներ,
Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներ տիկին Գոդսկեսենին և տիկին Վուչկովիչին՝ այս կարեւոր զեկույցը ներկայացնելու համար։ Այն, ինչ այսօր կատարվում է Թուրքիայում՝ մարդու իրավունքների եւ խոսքի ազատության հետ կապված, այլ կերպ, քան ազատ անկում դեպի վերջնական ավտորիտարիզմ, դժվար է որակելը։ Մինչ թուրքական իշխանությունները կռիվ են տալիս ԵՄ-ի հետ եւ կոչ են անում անարգանքի սյունին գամել Մեծ Բրիտանիայի վարչապետին, ով հայտարարել է, որ ժողովրդավարության ներկա մակարդակով Թուրքիան 3000 թվականից շուտ չի կարող մտածել ԵՄ անդամության մասին, Թուրքիայում շարունակվում են մարդու իրավունքների համատարած ոտնահարումներն ու ազատ խոսքի հանդեպ հրապարակային հաշվեհարդարները։
Միայն անցած տարի եւ այս տարվա առաջին ամիսներին մոտ հազար լրագրողի ազատել են աշխատանքից, լրատվամիջոցների հանդեպ կես միլիոն դատական գործ է հարուցվել, 156 լրագրող ձերբակալվել է, 28-ը հայտնվել է բանտում: Վերջին մի քանի ամիսներին լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ 200 հարձակում է տեղի ունեցել, բազմաթիվ լրագրողների մեղադրանք է առաջադրվել նախագահին վիրավորելու համար: Մահափորձ է իրականացվել «Ջումհուրիեթ» թերթի խմբագիր Դյունդարի նկատմամբ։
Հիշեցնեմ, որ «Ջումհուրիեթը» տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, թե ինչպես է Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը բեռնատարներով զենք մատակարարում Իսլամական պետության ահաբեկիչներին։ Այսօր Թուրքիայում փակվելու վտանգի տակ են «Զաման» եւ մի քանի այլ պարբերականներ եւս։ Թուրքիայում համատարած արգելափակվում են ինտերնետ կայքերը։ Այս պահին, խնդրում եմ ուշադրություն, 110 000 արգելափակված կայք կա։ Տեսնում ենք, թե ինչ է կատարվում Թուրքիայի խորհրդարանում, երբ ազատ խոսքի համար պատգամավոր են ծեծում եւ ահաբեկում, ինչպես եղավ Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փալյանի հանդեպ։ Այն պահից, երբ Էրդողանը ստացավ երկրի նախագահի մանդատը, մինչ օրս նորին գերազանցություն նախագահին վիրավորելու համար մոտ 2000 քաղաքացու դեմ քրեական գործ է հարուցվել։
Հարգելի գործընկերներ, այս ամենը միջնադարյան ինկվիզիցիա է հիշեցնում՝ վհուկների որս բոլոր նրանց հանդեպ, ովքեր համարձակվում են խոսել Թուրքիայում մարդու իրավունքների եւ ազատ խոսքի իրավունքի մասին։ Այս ամենը շարունակությունն է «Ակօս» թերթի հայազգի խմբագիր Հրանտ Դինքի սպանության, այս ամենը շարունակությունն է մի պետության քաղաքականության, որը իր դեմքը չի փոխել 1915 թվականից, երբ 1,5 միլիոն անմեղ հայ դարձավ ցեղասպանության զոհ։ Եւ ահա այս դեմքով Թուրքիան որոշել է դառնալ ԵՄ անդամ։ Ավելի մեծ զավեշտ դժվար է պատկերացնելը։
Եւ այսօր ես կոչ եմ անում Վեհաժողովին վերսկսել մոնիթորինգի գործընթաց Թուրքիայի հանդեպ, քանի դեռ թուրքական բանտերը ամեն ժամ լցվում են մարդկանցով, ովքեր համարձակվում են ունենալ սեփական կարծիք եւ այն արտահայտելու խիզախություն»։