Բակո Սահակյանը Մոսկվա չի մեկնելու
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը չի մեկնելու Մոսկվա: 168.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ռուս քաղաքագետ Ալեքսանդր Կարավաևի տարածած տեղեկությանը, թե ԼՂՀ նախագահ նախագահ Բակո Սահակյանը շտապ Մոսկվա է կանչվել:
Հիշեցնենք, որ ռուս վերլուծաբան Կարավաևն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում տեղեկացրել էր իբրև թե Կրեմլը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին կանչել է Մոսկվա:
Նույն փորձագետի խոսքով՝ Բակո Սահակյանին լուրջ խոսակցություն է սպասվում: Միևնույն ժամանակ նա չէր հստակեցրել, թե կոնկրետ ինչ հանդիպումներ է ունենալու Մոսկվայում ԼՂՀ նախագահը, սակայն նշել էր, թե՝ ընդունելով Սահակյանին, Մոսկվան փորձում է հասկանալ, թե ինչպես կարող է ազդել Ստեփանակերտի վրա առանց Երևանի միջնորդության:
Նա նաև ընդգծել էր, թե Բաքուն անհանգստանալու առիթ չունի այս կապակցությամբ:
Դավիթ Բաբայանն ասաց՝ «ով է Կարավաևը, որ նման տեղեկություն տարածի»: «Մենք չգիտե՞նք, թե ով է Կարավաևը և ինչո՞վ է զբաղվում, ո՞ւմ համար է աշխատում: Նման տեղեկություն չկա ու դա չի համապատասխանում իրականությանը»,- հստակեցրեց Դավիթ Բաբայանը: Մեր ճշտող հարցին, թե Բակո Սահակյանը չի մեկնելու արդյոք Մոսկվա բանակցությունների համար, նա պատասխանեց՝ ոչ: