Բաժիններ՝

Հանրապետության հրապարակում Հռոմի պապի մասնակցությամբ խաղաղության աղոթքին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները

Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ ՀՀ նախատեսվելիք այցի շրջանակներում ըստ պաշտոնական հանդիպումների, նախատեսված միջոցառումների վայրի նախանշված երթուղիներում որոշակի ճանապարհահատվածներում հունիսի 24-ից 26-ը ներառյալ դադարեցվելու է ճանապարհային տրանսպորտային երթեւեկությունը: ՀՀ նախագահական նստավայրում հրավիրված ասուլիսի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

«Դրանք նախապես նախանշված են: Յուրաքանչյուր օրվա՝ ըստ ժամերի տրանսպորտային երթեւեկության դադարեցումների եւ սահմանափակումների վերաբերյալ կազմված է ամբողջական հայտարարության տեքստ Երեւանի քաղաքապետարանի կողմից եւ տեղադրված է քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում՝ յուրաքանչյուր օրվա, ժամի, երթուղու եւ այլ մանրամասնություններով: Հունիսի 24-ին, ժամը 18:00-ից դադարեցվում է երթեւեկությունը Հանրապետության հրապարակում, իսկ հունիսի 25-ի առավոտից մինչեւ երեկո ամբողջ օրը դադարեցվում է տրանսպորտային երթեւեկությունը Հա նրապետության հրապարակում: Հետիոտների համար մուտքեր են նախատեսվում Աբովյան, Ամիրյան եւ Տիգրան Մեծ փողոցներից: Մնացած բոլոր մուտքերը փակ կլինեն նաեւ հետիոտների համար»,- նշեց Արեյանը:

Նշված երթուղիներում եւ ըստ ճանապարհահատվածների ընդհանուր օգտագործման քաղաքային տրանսպորտը դադարեցման ժամանակահատվածում կարող է օգտվել զուգահեռ փողոցներից: Քաղաքացիների համար սահմանափակումները լինելու են ըստ ժամերի, կոնկրետ ճանապարհահատվածների: Կարեւորագույն վայրներն են՝ ՀՀ Նախագահի նստավայրը, Հանրապետության հրապարակը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը եւ այն երթուղին, որն Էջմիածնից տանում է Իսակովի պողոտա, Գրիգոր Լուսավորիչ, Արշակունյաց փողոցներ, Նորագավիթ՝ այնուհետեւ Խոր Վիրապ:

«Միջոցառումները, որոնք նախատեսված են Հանրապետության հրապարակում, շարունակվելու են համերգային ծրագրով: Նախապատրաստական բոլոր աշխատանքներն ընթացքի մեջ են եւ մոտենում են ավարտական փուլին՝ ըստ միջոցառումների վայրերի: Կարեւորելով այցի համապետական եւ միջազգային նշանակությունը՝ կարծում եմ, մեր քաղաքացիներն ըմբռնումով կմոտենան ժամանակավոր անհարմարություններին՝ կապված տրանսպորտային երթեւեկության դադարեցման եւ որոշակի փողոցներում որոշ սահմանափակումների հետ »,- եզրափակեց Կամո Արեյանը՝ հավելելով, որ այս այցն իր միջազգային նշանակությամբ եւ կարեւորությամբ խորին հարգանք ով եւ երախտագիտությամբ կընդունի յուրաքանչյուր քաղաքացի:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն էլ հավելեց, որ նախատեսված են լրացուցիչ հնարավորություններ շարժողական բարդություններ եւ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն աշխատում է այն բոլոր կազմակերպությունների հետ, որոնք ցանկություն կունենան ներկա լինելու էկումենիկ արարարողությանը Հանրապետության հրապարակում, եւ ստեղծված են բոլոր հնարավորությունները դա կազմակերպելու համար: Փողոցները բաց են լինելու առանց հրավիրատոմսերի բոլոր ցանկացողների համար, ինչպես նաեւ հաջորդ օրն առավոտյան Մայր Աթոռի տարածքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս