Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ-ին հորդորել է 5 մլն դոլար տրամադրել Արցախին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովը հունիսի 23-ին կքննարկի ԱՄՆ 2017 թվականի ֆիսկալ տարվա բյուջեի նախագիծը, որում կնախանշվեն արտաքին օգնության առաջնահերթությունները: Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հորդորել է 2017 թվականի ֆիսկալ տարվա շրջանակում Լեռնային Ղարաբաղին տրամադրել 5 մլն ԱՄՆ դոլարի օգնություն:
Մասնավորապես, հանձնախմբից նշել են, որ այդ գումարը կներդրվի մարդասիրական և զարգացման ծրագրերի մեջ` այդ թվում Լեդի Քոքսի վերականգնողական կենտրոնի ընդլայնումն ու մոդեռնիզացիան, տարածաշրջանային կլինիկական ծառայությունները, որոնք կծառայեն ֆիզիկական ու մտավոր արատներ ունեցող երեխաներին ու մեծահասակներին:
Հայ դատի հանձնախմբի անդամները կոչ են արել զրոյացնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցությունը, քանի դեռ այդ երկրի ղեկավարները չեն համաձայնել Ռոյս-Էնգել առաջարկներին. այն է` շփման գծից հետ քաշել դիպուկահարներին ու ծանր զրահատեխնիկան, ավելացրել ԵԱՀԿ դիտորդների թիվը, կանգնեցնել հրադադարի ռեժիմի խախտումներն արձանագրող համակարգ:
Հանձնախմբից առաջարկել են Հայաստանին տրամադրել 40 մլն ԱՄՆ դոլար, որն ուղղված կլինի հայ-ամերիկյան առևտրային և ներդրումային հարաբերությունների աճին: Բացի այդ, հանձնախումբն առաջարկել է Հայաստանին տրամադրել ևս 10 մլն ԱՄՆ դոլար` օգնելու տեղավորել Սիրիայից ու Մերձավոր Արևելքի այլ շրջաններից եկած շուրջ 20 հազար փախստականների: