Բաժիններ՝

Հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցութային ծրագրերն ու միջազգային ժյուրիների կազմերը

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրերն այս տարի երեքն են. «Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթ», «Միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթ» և «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթ: 900 հայտերից ընտրված 43 ֆիլմերը կպայքարեն նշված երեք մրցութային ծրագրերում՝ 12-ը խաղարկային միջազգային մրցույթում, 15-ը՝ վավերագրական միջազգային մրցույթում, 16-ը՝ «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթում:

«Այս տարի ընտրությունը դժվար էր, որովհետև լավ ֆիլմերը շատ էին: Հանձնաժողովում նույնիսկ վեճեր էին լինում, քանի որ ներառված են տարբեր սերնդի ներկայացուցիչներ՝ պարտադիր կերպով երիտասարդներ»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը:

Այս ծրագրում նա առանձնացրեց Կաննի փառատոնի մրցանակակիր «Թոնի Էրդման» գերմանական ֆիլմը և Բեռլինում լավագույն ռեժիսուրայի համար մրցանակ ստացած «Գալիք» ֆիլմը: Ընտրվել են իրանական «Անմահը», վրացական «Աննայի կյանքը», թուրքական «Փոշու շորը» և այլ ֆիլմեր:

«Ոսկե ծիրան» փառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանն ասաց. «600 վավերագրական ֆիլմերից ընտրություն կատարելիս շեշտը դրվել է բազմազանության վրա: Այս տարի առաջին անգամ ներկայացված է անիմացիոն փաստագրական ժանրը՝ «Կախարդական լեռը» ֆիլմը»,-  հավելեց Խանջյանը:

«Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրի համակարգող, կինոգետ Րաֆֆի Մովսիսյանը նշեց, որ վերոհիշյալ մրցույթի համար ֆիլմերի ընտրությունը կատարվել է կինոռեժիսոր Դիանա Կարդումյանի և լագրող Նունե Հախվերդյանի հետ: «Ներկայացված հայտերի թիվն այս տարի նախորդի համեմատ ավելի քիչ է՝ 80, թեպետ գերազանցում է լիամետրաժ ֆիլմերի քանակը: Լիամետրաժ հինգ ֆիլմից երեքը հենց հայկական արտադրության են, ինչը ողջունելի է»,- մանրամասնեց Մովսիսյանը: «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում կլինի երեք առանձին բ աժանում՝ լիամետրաժ, կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի համար առանձին մրցանակներով: Բացի այդ՝ կա զուգահեռ ծրագիր՝ «Հայեր. հայացք ներսից և դրսից», որտեղ ներկայացված են մրցութային փուլ չանցած ֆիլմերը և արտերկրում բնակվող ոչ հայազգի ռեժիսորների ֆիլմերը հայերի մասին. դրանք կցուցադրվեն Մալյան թատրոնում:

Այս ծրագրի շրջանակում կլինի նաև 2 մեծ պրեմիերա՝ Աննա Արևշատյանի «Բարի լույս» և Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմերը:

Մովսիսյանը նաև ավելացրեց, որ միջազգային ժյուրիի ներկայացուցիչները մեծ հեղինակություն վայելող մարդիկ են, ովքեր միանշանակ պատկերացում ունեն ժամանանկակից կինոյի մասին: «Նրանք տարբեր այլ կինոփառատոնների ներկայացուցիչներ են, ուստի հույս ունենք, որ մեր ներկայացրած ֆիլմերը կհայտնվեն նաև միջազգային այլ կինոփառատոններում»,- եզրափակեց կինոգետ:

Հաջորդ շաբաթ կներկայացվի արտամրցութային ֆիլմերի ծրագիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս