
Եթե հայկական կողմը թույլտվություն ստանա անձամբ Հռոմի պապից, կկարողանա ձեռք բերել Հայոց ցեղասպանության վերաբերյալ դեռևս անհասանելի բոլոր փաստաթղթերը

Վատիկանի գաղտնի արխիվում պահվում են աշխարհի բոլոր ժողովուրդների եւ պատմության բոլոր ժամանակահատվածների մասին փաստաթղթեր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Նրա խոսքով՝ Վատիկանի արխիվում պահվող փաստաթղթերը ներառում են Հին Եվրոպայի, Ամերիկայի հայտնագործման ժամանակահատվածից ընդհուպ մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմ:
«Արխիվի աշխատակիցներից մեկի խոսքով՝ ոչ մի ժողովուրդ դուրս չի մնացել իրենց տեսադաշտից: Թեպետ արխիվի մի մասը գաղտնի չէ, սակայն այն մինչ այժմ կոչվում է գաղտնի արխիվ, որ նաշխարհի ամենամեծ արխիվն է. եթե փաստատթղթերը իրար կողք կողքի դնենք, կկազմի 85 կմ: Այն այսօր սկսել է ծառայել մարդկության պատմության համար, սակայն դեռեւս այնքան էլ կարգավորված չէ, քանի որ այնտեղ կան հսկայական քանակությամբ փաստաթղթեր»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ Հայաստանի համար հասանելի են Վատիկանի արխիվում Հայոց ցեղասպանությանը վերաբերող բոլոր բացված փաստաթղթերի պատճենները:
«Քանի որ Հռոմի պապը ուներ ներկայացուցիչներ աշխարհի համարյա բոլոր երկրներում, դեռեւս 19-րդ դարի վերջին արխիվում կուտակվել են նրանց հաշվետվությունները քրիստոնյաների վիճակի մասին, այդ թվում՝ նաեւ հայերի: Այժմ այդ պատճենների՝ հայկական կողմին հասանելի դարձնելու գործընթացին աջակցում է Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Պյետրո Քուչուկյանը»,- նշեց Ամատունի Վիրաբյանը:
Նրա խոսքով՝ այժմ խնդիրը թերեւս լեզուն է, քանի որ այդ փաստաթղթերը հիմնականում ֆրանսերեն եւ լատիներեն են, իսկ լատիներենը առանձնապես մեծ խնդիր է ներկայացնում:
«Մենք ունենք նաեւ օսմաներենի մասնագետների խնդիր, քանի որ լեզուն բավականին բարդ է, նման չէ թուրքերենին»,-ընդգծեց նա:
Ազգային արխիվի տնօրենը նաեւ տեղեկացրեց, որ եթե հայկական կողմը նախաձեռնի և թույլտվություն ստանա անձամբ Հռոմի պապից, ապա կկարողանա ձեռք բերել Հայոց ցեղասպանության վերաբերյալ դեռեւս անհասանելի բոլոր փաստաթղթերը: