2-ամյա Անիի առողջությունը վտանգված է առնետներով լցված տնակում

asparez.am. Գյումրեցի փոքրիկ Անին ամեն առավոտ քաղցրավենիքի փոխարեն օրը սկսում է դեղերով։ Խմելնիցկի փողոցի 236/139 տնակում Անին ապրում է մոր եւ երկու քույրերի հետ։ Մանկահասակ երեխայի մահճակալն ուղիղ կաթոցների տակ է, ու անձրեւանոցների տակ գտնվող այս հատվածը համարվում է տնակի քիչ թե շատ անվտանգ անկյունը:

Քանդված տնակում առնետների բների տեղը Անին լավ գիտի, մատնացույց է անում դրանք ու նկարագրում առնետներին:

-Ամբողջ գիշեր էրեխու վրա են ելնում էդ առնետները, դեղ էլ կդնեմ` էլի չեն վերանա,-պատմում է Անիի 45-ամյա մայրը` տիկին Մարիետան:

Ստեփանյանների ընտանիքն արդեն 20 տարուց ավել է` ապրում է կիսավեր այս տնակում, որն օրըստօրե ավելի վտանգավոր է դառնում բնակիչների համար։ Ընտանիքը անօթեւանության հերթացուցակ ընդգրկված չէ, թեպետ անօթեւան է: Տիկին Մարիետայի խոսքով` միակ եկամուտը պետության կողմից ամեն ամիս տրվող 22 հազար դրամ նպաստն է, որը միայն բավարարում է փոքրիկի համար դեղորայք գնելուն: Անին մկանային բարդ հիվանդություն ունի եւ նյարդային լարվածություն է նկատվում երեխայի մոտ:

Տիկին Մարիետան մինչեւ երեխայի ծնվելը բուժքույր է աշխատել, հիմա չի աշխատում։ Նրա մեծ դուստրը եւս առողջական խնդիրներ ունի:

Ընտանիքն աջակցողներ չունի: Տիկին Մարիետայի խոսքով` ամուսնուց արդեն մեկ տարի է` լուր չունեն։

Ընտանիքն ունի որոշ պարտքեր, կոմունալ վճարները չի կարող մուծել: Պարտքի պատճառով զրկվել են ջրից, սնունդն էլ արդեն ապառիկով ոչ մի խանութից չի կարող վերցնել, իսկ բանկերից միայն դատական հայցեր ու նամակներ են ստանում։

Տիկին Մարիետան հաճախ է դիմել տարբեր կազմակերպությունների, բարերարների, բայց ապարդյուն:

xaxaliq-4

-Քաղաքապետարանում արդեն էլ չեն ընդունում, անցած ձմեռ անհայտ բարերարն է վառելափայտ տրամադրել, իսկ 2 ամիս անց մնացինք առանց վառելիքի,-ասում է տիկին Մարիետան:

Նրա մյուս դուստրը վարսահարդարի կրթություն ունի, բայց աշխատանք չի գտնում, անհրաժեշտ գործիքներ չունի։

Հուսահատ մայրը բարի մարդկանցից խնդրում է աջակցել իրենց, ասում, որ փոքրիկ Անիի կյանքը վտանգված է այս պայմաններում:

-Խնդրում եմ, որ ինձ էլ մի ապահով տանիք տան, էլ ոչինչ չեմ ուզում, հետո կաշխատեմ, էրէխեքիս կպահեմ,-արցունքներն հազիվ զսպելով` խնդրում է մայրը։

Տարածքը, որտեղ գտնվում է տնակը, Հայաստանի էլեկտրական ցանցերի սեփականությունն է եւ ցանկացած պահի տիկին Մարիետան ու իր երեխաները կարող են փողոցում մնալ։

 

Տեսանյութեր

Լրահոս