«Համանախագահները դրսում սպասում էին, որ աղաղակներ, ոսկորի ջարդոցներ, չխկչխկոցներ լսելու դեպքում՝ ներս մտնեին՝ այդ ջարդողին պատժեին». Ազատ Արշակյան

«Իմ սպասումները Սարգսյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումից արդարացել են. ես կողմ եմ ձգձգումներին, անհասկանալի, հակասական ձևակերպումներին, մտածում եմ՝ հարկավոր է ձգձգել՝ մինչև կա՛մ մենք կհաղթենք, կա՛մ իրենք կհաղթեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ խոսելով երեկ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Սարգսյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման մասին:

Ա. Արշակյանին չի հետաքրքրում որևէ փաստաթուղթ, որը կհայտարարի, թե այսինչ տարածքը բուն հայկական հող է: Մեր այն հարցին, թե այդ ձգձգվելն ի՞նչ կտա՝ Ա. Արշակյանն այսպես պատասխանեց. «Կտա այն, որ մենք պետական ժողովուրդ ենք, Հայկ Նահապետի ժառանգներն ենք, մեր հայրենիքը կպահենք, եթե չենք կարողանում պահենք մեր երկիրը, կխլեն մեզնից: Ի՞նչ պարտադիր է, որ ինչ-որ մեկն ինչ-որ թղթի տակ ստորագրի, դա իմն է, ու վերջ: Վերջնական լուծվել է այդ հարցը, Ղարաբաղը մերն է, քանի դեռ մեր բանակն այնտեղ է, որտեղ մեր բանակը կանգնած է, մեր հայրենիքն է»:

Ա. Արշակյանը հիասթափված չէ երեկվա հանդիպումից, քանի որ ոչինչ չէր էլ սպասում: «Ես կարծում եմ՝ այնտեղ շատ հետաքրքիր դիվանագիտական կամ քաղաքական ճակատամարտ եղավ: Այսինքն՝ Մինսկի խմբին զուգահեռ տարբերակ էր առաջարկվում, որ հետբոլշևիկյան Ռուսաստանն իրեն իրավունք էր պլոկել, որ ինքը զուգահետ կզբաղվի Ղարաբաղի հարցով: Կարծում եմ՝ այնտեղից հայտնի գերտերությունը՝ ԱՄՆ-ը, նրանց ասաց՝ «ստոպ, այդ ձեր բոլոր հետսովետական միջոցառումները մեզ հետաքրքրում են, մեզ հետաքրքիր է, թե դու ինչպես ես խոսելու քո վասալների հետ, բայց դու Ղարաբաղի հարցում մոնոպոլիա չունես»»,- նշեց մեր զրուցակիցը:

Մեր այն դիտարկմանը, թե հանդիպումը եռակողմ էր, և համանախագահները դրսում էին սպասում, ինչն արդեն չի՞ նշանակում, որ Մինսկի խմբից դուրս էր այդ գործընթացը, Ա. Արշակյանն այսպես արձագանքեց. «Ձևով՝ դա Մինսկի խմբից դուրս էր, բովանդակությամբ՝ Մինսկի խմբում էր, և նույնիսկ համանախագահները դրսում սպասում էին, որ աղաղակներ, ոսկորի ջարդոցներ, չխկչխկոցներ լսելու դեպքում՝ ներս մտնեին՝ այդ ջարդողին պատժեին: Որպես հսկիչ, դիտորդ էին եկել, որ հանկարծ չեկիստները համը չհանեին»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս