«Եթե մենք մասնակցենք, ու ես ընտրվեմ, իմացեք՝ ես դարձել եմ Սերժ Սարգսյանի հաճախորդը». Սոս Գիմիշյան

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը բոլոր կուսակցությունենրին հաջողություն է մաղթում: 168.am-ի հետ զրույցում խոսելով Վարդան Օսկանյանի ստեղծած «Համախմբում» կուսակցության մասին՝ նա նշեց, որ, եթե նրանք ասել են՝ փորձում են իշխանություն վերցնել, ապա «իրենք միշտ էլ իշխանության մեջ են եղել»:

«Ե՞րբ է Վարդան Օսկանյանը կուսակցությունից դուրս եկել, նա երբեք ընդդիմություն չի եղել: Ուրիշ բան է, որ ասեն՝ ուզում ենք վերաբաշխում անենք, մի քիչ ավելի հնարավորություններ ունենանք: Քանի որ Հայաստանում ընտրություն չկա, չես կարող ասել՝ ինչ տարբերակով է ձևավորում Ազգային ժողովը: Եթե ժողովուրդը մասնակցեր ընտրություններին, ես համոզված կլինեի, որ իրենք չէին ընտրվի, բայց քանի որ ընտրությունով չի որոշվում, այլ ուրիշ երկրների կամ կառույցների միջոցով, շանսեր ունեն, որ իրենց էլ մի տեղ գտնեն»,- նշեց Ս. Գիմիշյանը:

Հարցին, թե այս կուսակցության ստեղծումն արդյոք հի՞մք է նախապատրաստում Ռոբերտ Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու համար՝ հաշվի առնելով, որ այդ կուսակցության անդամները չեն բացառել Ռ. Քոչարյանի՝ կուսակցության հետևում կանգնած լինելը, Ս. Գիմիշյանն այսպես պատասխանեց. «Ինչ-որ տեղ կապը երևում է, բնական է նման ենթադրություն անելը, մանավանդ նրա (Ռոբերտ Քոչարյանի.- Ա. Ք.) ակտիվությունը պատահական չէ, պարա՞պ է մնացել՝ այդքան հարցազրույցներ է տալիս»:

Մենք հետաքրքրվեցինք նաև, թե խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հնարավո՞ր է՝ որոշ քաղաքական ուժերի հետ դաշինքներ կազմի իր գլխավորած կուսակցությունն ու մասնակցի ընտրություններին: Ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց, որ իրենք հիմա մի շարք ուժերի հետ համագործակցում են, բայց չի կարող ասել՝ ընտրություններին կմասնակցե՞ն, թե՞ ոչ, քանի որ դրա համար ֆինանսական միջոցներ են հարկավոր: Նա թեպետ չի հավատում, որ ընտրություններն արդար կարող են լինել, բայց կարծում է՝ դա լավագույն ձևն է՝ գոնե այդ նախընտրական մի ամիսն օգտագործելով՝ եթերներում և մամուլով հանրությանը ներկայացնել իրենց գաղափարները և մոտեցումները, քանի որ, ըստ նրա՝ այժմ մամուլն իրենց այդ հնարավորությունը չի տալիս:

Կարդացեք նաև

«10 միլիոն դրամ գրավ է պետք ընտրություններին մասնակցելու, հիմա մեր քաղաքական դաշտի կուսակցությունների 99 տոկոսն իմ խոսքերի վրա ծիծաղում են, որովհետև իրենց համար այդ 10 միլիոն դրամը ոչ մի բան է: Եթե գտնենք այդ ֆինանսական միջոցները, կօգտվենք այդ մի ամսից՝ ժողովրդի հետ խոսելու: Եթե մենք մասնակցենք, ու ես ընտրվեմ, իմացեք՝ ես դարձել եմ Սերժ Սարգսյանի հաճախորդը, նրա որոշմամբ եմ ընտրվել, ուրիշ տարբերակ չկա»,- հայտարարեց մեր զրուցակիցը:

Մեր այն հարցին, թե՝ ի՞նչ ուժերի հետ եք համագործակցում և ի՞նչ գործունեություն եք իրականացնում, Ս. Գիմիշյանն այսպես պատասխանեց. «Մենք գտնվում ենք «Հայաստան» ժողովրդական նախաձեռնությունում արդեն 3-4 տարի, դրանք մի խումբ կուսակցություններ են, որոնց հետ «Հայք» ծրագիրն են իրականացնում, որը միտված է համախմբելու համայն հայությանը: Աշոտ Մանուչարյանի հետ ենք համագործակցում: Մեր առաջին նպատակն է՝ կազմակերպված պետություն ունենալ»:

Տեսանյութեր

Լրահոս