Ռուբեն Վարդանյանը մեկնաբանել է «Պանամական փաստաթղթերի» հրապարակումները
Գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել РБК հեռուստաալիքին, որտեղ անդրադարձել է «Պանամական փաստաթղթերի»՝ «ԿամԱզ» ընկերությանը վերաբերող հրապարակումներին:
Գործարարի խոսքով՝ ինքը շարունակում է հպարտանալ «ԿամԱզ»-ի և «ԱվտոՎԱԶ»-ի գործարքներով: Ռուբեն Վարդանյանի խոսքով՝ այդ երկու բրենդները քաջ հայտնի էին խորհրդային տարիներին, սակայն 90-ականները չափազանց բարդ տարիներ էին այդ ձեռնարկությունների համար, որոնք գտնվում էին գրեթե սնանկացման եզրին:
««ԿամԱզ»-ում այդ ժամանակ անգամ սպանություն էր տեղի ունեցել»,- պատմում է գործարարը՝ հիշեցնելով «ԿամԱզ»-ի գլխավորությամբ կոնսորցիումի ստեղծման պատմությունը:
«Մենք ամեն ինչ բացարձակ թափանցիկ էինք անում, ու աղմուկն արդյունքում առաջացավ մի քանի փաստաթղթերի մեկնաբանություններից, որոնք, ի դեպ, ստացվել էին անօրինական եղանակով»,- նկատել է Ռուբեն Վարդանյանը՝ հիշեցնելով, որ նման բարդ իրավիճակ էր ստեղծվել նաև «ԱվտոՎԱԶ»–ում:
Մեկնաբանելով օֆշորային ընկերությունների մասին հարցը՝ գործարարի խոսքով՝ դա արվել է բացառապես որոշակի բիզնես գործընթացների ճկունության ապահովման և արդյունավետության բարձրացման նպատակով:
Խոսելով «ԱվտոՎԱԶ»-ի գործարքի մասին՝ գործարարն ասել է, որ այն համարում է բացառիկ, քանի որ պետությունը գումար չծախսեց դրա վրա, ստացավ ընկերության բաժնետոմսերը և գումարները:
«Պետությունը շահել է, ֆինանսական ներդրողները շահել են, գործարանը ձեռք է բերել ռազմավարական գործընկերոջ»,- ասել է Վարդանյանը: