Բաժիններ՝

«Էդ հարկատուին ինչի՞ եք սպանում, ինչի՞ եք պարտադրում, ինչի՞ եք մորթում, չեք հարգում». ՀՀԿ-ական պատգամավորը` Հարկային օրենսգրքի մասին

Այսօր Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի շուրջ փակ քննարկումներ են մեկնարկել` պատգամավորների, կառավարության և հանրային հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ: Բավականին մանրամասն` ըստ առանձին հարկատեսակների ու վարչարարության, քննարկումները կշարունակվեն մինչև հուլիսի 12-ը: Իսկ թե ի՞նչ տեսք կունենա Հարկային օրենսգիրքն այս քննարկումներից հետո, պատգամավորները դեռևս չեն շտապում կանխատեսել: ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը, ով երեկ ԱԺ նիստում խիստ քննադատության ենթարկեց օրենսգիրքը, իսկ այսօր կողմ էր քվեարկել նախագծի առաջին ընթերցմամբ ընդունմանը, իր որոշումը պայմանավորեց խմբակցության քաղաքական որոշմամբ:

Լրագրողների հետ զրույցում Հ.Հակոբյանը հայտարարեց, որ օրենսգրքի փիլիսոփայությանը կողմ է, բավական դրույթներ կան, որ ճիշտ են, բայց բավական կետեր էլ կան, որ սխալ են: Նա վստահություն հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցում բովանդակային բոլոր փոփոխությունները կարելի է կատարել, օրինակ` մի կարևոր հարց արդեն կարողացել են ճշտել` հարկատուի և ստուգող մարմինների անհամաձայնությունների դեպքում առաջնայնությունները: Հակոբյանի կարծիքով` դա շատ կոնցեպտուալ խնդիր է, եթե օրենսգրքում տարբեր հոդվածներում կան հակասություններ, գործատուն չպետք է դրա համար պատասխան տա: «Կառավարության մոտեցումները ճիշտ են, բայց օրենսգրքին չեն համապատասխանում»,- հայտարարեց Հ.Հակոբյանը` հրաժարվելով բացատրել իր այս միտքը:

Նա նշեց, որ ինքն էլ է հարցադրումներ անում. «Էդ հարկատուին ինչի՞ եք սպանում, ինչի՞ եք պարտադրում, ինչի՞ եք մորթում, չեք հարգում: Ինչի՞, մինչև հիմա ավելի լավն էր, քան հիմա՞: Մինչև հիմա ավելի վատ էր, քան թե սա է եկել, այսինքն` չարիքներից ո՞րն են ընտրում` փոքրագո՞ւյնը, թե՞ առավելագույնը»,- անկեղծացավ Հակոբյանը: Նրա խոսքով` խնդիր է դրված պետական բյուջեի մուտքերն ավելացնելու համար, որին բոլորը կողմ են, բայց թե որ տարբերակով պետք է քննարկվի, հեշտ խնդիր չէ: Հակոբյանը կրկնեց իր տեսակետը` ՀՕ-ն աղքատությունը չի նվազեցնում ու որոշ կատեգորիայի աշխատողների համար դառնում է ռիսկային:

Պատգամավորը նշեց, որ կողմ է ակցիզային հարկի բարձրացմանը, մասնավորապես` խմիչքի ու ծխախոտի վրա ակցիզը պետք է բարձանա: Նա նաև կողմ է բենզինի թանկացմանը: Իսկ դիտարկմանը, որ գազի թանկացման դեպքում նաև հասարակական տրանսպորտը կթանկանա, Հակոբյանը փորձեց խուսանավել. «Բայց ես գազի անուն տվեցի՞: Մենք դա չենք քննարկում, ավելի ուշ` ամսի 20-ին ենք քննարկելու»: «Նոր տարուն պարտադիր ա՞, որ էշի պես խմեն, հարբեն, ընկնեն սեղանի վրա: Ավանդույթները պետք է մնան իրենց տեղում ու պետք է զարգանան: Բայց Նոր տարին պարտադիր չի 10 օր ուտել-խմել, ուտել-խմել, թափել, թափել, թափել»,- հավելեց Հ.Հակոբյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս