Բաժիններ՝

«Խոսքի ազատությունը փնթի, գողացված նյութը չէ»

«Առցանց ԶԼՄ-ների դաշտի կարգավորում. անհրաժեշտություն և վտանգներ» թեմայով քննարկման ժամանակ «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը նշեց, որ ԶԼՄ խմբագիրների տարածած հայտարարությունը հիմնված էր երկու կարևոր կետի վրա, որոնք ոչ մի կերպ չեն սահմանափակում ազատ խոսքը.

«Պետք է մտնեն հարկային դաշտ, իրավաբանական անձ դառնան, սրա մեջ ազատության սահմանափակման խնդիր չկա: Մյուսն այն է, որ սանձարձակությունը, անիշխանականությունը (անարխիա) չափազանց շատ են, և նրանք, ովքեր փորձում են առցանց դաշտում էլ աշխատել, դժվարություններ են ունենում՝ կապված copy-paste-երի և նման այլ խնդիրների հետ: Մեր հասարակությունն անվստահություն ունի դեպի լրագրողը, դեպի լրատվամիջոցներն ընդհանրապես, սա նոր հարց չէ, ինտերնետային ծառայություններից առաջ էլ է եղել, բայց եթե մի քանի լրատվամիջոցներ չեն ճշգրտում իրենց ունեցած տեղեկատվությունը, այսինքն՝ պատասխանատու կեցվածք դեպի հանրությունը չունեն, դա ազդում է ողջ լրատվական դաշտի վրա: Մարդիկ չեն ասում, թե այսինչ թերթը կամ կայքն այսպես արեց, ասում են՝ մամուլում կամ կայքում եմ կարդացել»:

Խմբագիրների նախաձեռնությունը քննադատած «Սիվիլնեթի» սյունակագիր Արմեն Գրիգորյանն այն համոզմունքն ունի, թե, այնուամենայնիվ, նախաձեռնությունը սահմանափակելու է ազատ խոսքի իրավունքը. «Խոսքի ազատության սահմանափակման իմ կողմից տեսած ամենակարևոր խնդիրն այն է, որ հարկայինին հրավիրում է, որպեսզի ինչ-որ գործողություն կատարի: Հայաստանում ամենաքիչ վստահություն ունեցող, ամենակոռումպացված մարմիններից մեկը բերվում է «հաշիվները մաքրելու» դաշտ: Այնտեղ նաև նշվում է՝ սահմանափակել լրատվամիջոցներին՝ լուսաբանել իշխանության գործունեությունը: Ընդհանրապես, պատմության ընթացքում խոսքի ազատության ամենամեծ սահմանափակողն աշխարհի բոլոր երկրներում եղել է իշխանությունը, ու երբ իշխանությանը հավելյալ հնարավորություններ է տրվում, այդ հավելյալ հնարավորությունները նա կարող է այլ նպատակով օգտագործել: Իհարկե, կան խնդիրներ, բայց երբ դրանք փորձում են իշխանության միջոցով լուծել, դա ամենալուրջ խնդիրն է»:

A discussion on the topic of 'Online setup media field. Necessity and dangers' took place at the Media Center

Կարդացեք նաև

«168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը հակադարձեց Արմեն Գրիգորյանին. «Այն լրատվամիջոցի սեփականատերերը, որտեղ հիմա Արմենը սյունակագիր է, երբ իշխանության էին, սարսափելի գրախոսություն կար մամուլի նկատմամբ: Նույնիսկ գործուղումներ ուղարկելիս՝ ընտրում էին՝ որ գործուղմանը որ լրատվամիջոցը գնա, որովհետև իրենց ցանկալի ինֆորմացիան կտա: Ես ուզում եմ խնդրին անդրադառնալ մի քանի տեսանկյունից. որպես լրատվամիջոց, պրոդուկտ, լուր ստեղծո՞ղ, թե՞ որպես ընթերցող ենք մոտենում հարցին: Եթե իշխանությունները վատն են, դա չի նշանակում, որ պետք է իշխանություն չլինի: Եթե հարկային մարմիններից դժգոհ ենք, դա չի նշանակում, որ չպետք է վերահսկողություն լինի, որովհետև մենք կոչ ենք անում, որպեսզի բոլորս աշխատենք հավասար պայմաններում: Հայտարարության տակ ստորագրողներս չպետք է հարկեր վճարենք, պրոդուկտ ստեղծենք, աշխատակիցներ պահենք, խմբագրակազմ ունենանք, և դաշտում հայտնվեն ինչ-որ «պորտաբույծներ», ու առանց որևէ ջանք գործադրելու, ինչ-որ ձևերով կարողանան, մեղմ ասած, ինքնահաստատվել, այս կամ այն խնդիրը լուծել: Այս վիճակը ձեռնտու է հենց իշխանություններին, և ոչ միայն՝ նրանց, այլև այն ուժերին, որոնք կփորձեն տարբեր ճանապարհներով, ազնիվ կամ անազնիվ մղումներով հայտնվել քաղաքական ասպարեզում»:

Ս. Սեյրանյանն ընդգծեց՝ խմբագիրների հայտարարության մեջ ասվում է, որ 2003թ.-ից հետո օրենքը փոփոխությունների չի ենթարկվել: Ըստ նրա՝ 2016թ.-ին և՛ ինֆորմացիոն դաշտում, և՛ մամուլի կառավարման, և՛ ինտերնետում այնքան բան է փոխվել, որ նույնիսկ ոլորտի մասնագետները պատրաստ չեն դրանց դիմակայել, փորձում են ինքնակազմակերպվել, դաշտում մտցնել հավասար խաղի պայմաններ.

A discussion on the topic of 'Online setup media field. Necessity and dangers' took place at the Media Center

«Եվ երբ դուք ասում եք՝ խոսքի ազատությունը բացարձակ արժեք է, կներեք, մենք՝ ներքոստորագրյալներս, տարիներ շարունակ այդ խոսքի ազատության համար պայքարողներից ենք եղել: Ընդ որում՝ Հայաստանում խոսքի ազատությունը ժամանակին նվաճել է տպագիր մամուլը: Մենք դրա գինը գիտենք: Բայց խոսքի ազատությունը փնթի, գողացված, անօրինական նյութը չէ»:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ ընդգծեց, որ խնդիրներ կան, դրանք մտահոգիչ են, քանի որ կարող են բերել մամուլի սնանկացմանը, բայց ըստ նրա՝ տարածած հայտարարությունն ունի թույլ կետեր.

«Սկսեմ նրանից, որ ստորագրողների մեջ կան լրատվամիջոցներ, որ այդ ամենն իրենց դեմ էլ է ուղղված, այսինքն՝ ոչ բարեխիղճ, գողությունով զբաղվող լրատվամիջոցներ, որոնք թուլացնում են ցուցակի ազդեցությունը: Հայտարարության երկրորդ խնդիրն այն է, որ իրար խառնվել է երկու ոլորտ՝ տպագիր մամուլն ու ինտերնետը, ինձ թվում է՝ դրանք պետք է բաժանել: Տպագիր մամուլը Հայաստանում ապագա չունի, ավելի ճիշտ՝ ունի կարճ ապագա, և պետք է միգրացիան դեպի ցանց անել, որովհետև նոր սերունդը թերթ չի կարդում ու չի էլ կարդա: Հայտարարության մեջ գրված է, որ, եթե այդպես չլինի, ընկալել որպես բլոգ: Բայց ո՞րն է տարբերությունը: Այդ տարբերությունը գրեթե չկա: Այդ կարգավորումները բարդ է անել: Իսկ Հարկայինի մասով՝ կան լրատվամիջոցներ, որոնք գողացող են, բայց նորմալ դաշտում են գտնվում, այսինքն՝ իրենց կայքն ունի խմբագիր, հեռախոսահամարը գրված է, բայց գողանում են: Իրենց հետ հարցը կարգավորվում է դատարանով: Մյուս շերտը կուսակցական և տարբեր բիզնեսների շահերն ապահովող լրատվամիջոցներն են, որոնք հիմա շատանալու են, որովհետև մոտենում են ընտրությունները: Դրանք բոլորն ունեն մեջք, չունեն նորմալ լրագրող և հիմնականում նստած՝ գողությունով են զբաղվում: Այս ոլորտը կարգավորելը բարդ է, որովհետև լրատվականը և կուսակցականը խառնված են, ու պետք է մամուլն ապաքաղաքականացվի, որն օրենքով բարդ է կարգավորել: Հաջորդն այն լրատվամիջոցներն են, որոնք լրատվամիջոց չեն, գումար են աշխատում և ամենաշատն իրենք են փող գողանում լրատվամիջոցներից, իսկ իրենց գտնելը դժվար է, իրենց գովազդները տեղական չեն: Նրանց պոչը չեք գտնի, շատերը նույնիսկ Հայաստանում էլ չեն: Հարցը ոչ թե՝ իրավական, այլ՝ ինքնակարգավորման և իրազեկման ոլորտ պետք է տեղափոխել»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս